— Վորն ե այն մեծ գործը, վորին դուք զոհում եք կրոնը, յեկեղեցին, — հարցրեց Սամվելը դարձյալ վրդովվելով։
— Հին բռնապետության տապալումը Արշակունիների կործանումը,—
պատասխանեց հայրը: — Միթե դու փոքր գործ ես համարում
այդ:
— Փոքր գործ չեմ համարում։ Բայց ինչու համար եր կործանում։
— Նրա համար, վոր յեթե մենք նրան չկործանենք, նա մեզ
կկործանե։ Միթե դու մոռացել ես, թե վորպիսի կատաղությամբ Արշակ
թագավորը և նրա հայրը սկսեցին վոչնչացնել նախարարական
իշխանությունները։
— Չեմ մոոացել: Բայց յես դարձյալ կասեմ քեզ, վոր Արշակունիների կամայականության առաջը առնելու համար ուրիշ ավելի
դյուրին միջոցներ կան։
— Վոչինչ միջոցներ չկան, բացի այն, վոր արդեն սկսվել ե
և պետք ե շարունակվի։ Հայոց նախարարները բաժանվել են յերկու
մեծ կուսակցության. մեկը յուր առաջնորդ ունենալով յեկեղեցականներին, աշխատում ե պահպանել հին դրությունը — Արշակունիների
քայքայված գահը, իսկ մյուսը, առաջնորդ ունենալով քո հորը և քեռուն
կամենում ե վոչնչացնել հինը և ստեղծել մի նոր իշխանություն.
շատ բնական ե, վոր այդ ներքին յերկպառակությունը պիտի
հարուցաներ և ներքին պատերազմ։ Մեր հակառակ կուսակցությունը
դիմեց հռոմեական ոգնության, իսկ մենք դիմեցինք պարսկական
ոգնության։ Սկսվեցավ ներքին կռիվը ներքին արյունահեղության
հետ։ Թե ինչով կվերջանա, — այդ աստծո ձեռքումն ե, բայց առայժմ
հաջողությունը մեր կողմն ե:
— Գիտեմ ձեր կողմն ե, բայց խաբուսիկ հաջողությունը թող
չհրապուրե ձեզ... — Վերջին խոսքերի միջոցին նա ձեռքը տարավ և
բռնեց հոր աջը ասելով. — Լսիր, հայր, ընդունիր տառապյալ վորդուդ
աղաչանքը, մի արատավորիր Մամիկոնյանների պայծառ անունը
հավիտենական ամոթով։ Դեռ ուշ չե։ Դեռ կարելի յե վնասի կեսից
հետ դառնալ։ Ցրվեցեք այդ անիծյալ պարսկական բանակը, վորի
ներկայությունը պղծում ե հայոց յերկիրը։ Հեռացրեք պարսիկներին:
Ազատություն շնորհեցեք հայոց գերիներին, թող գնան իրանց
տները և սրբեն ազգականների արտասուքը։ Թող չլինի կռիվը, թող
չլինի պատերազմը, վոր այնքան աղետն երի, վոր այնքան թշվառությունների պատճառ դարձավ։ Թող կրկին վերականգնվի հաշտությունը,
և հայոց աշխարհը վայելե իր նախկին խաղաղությունը։ Յես
կգնամ Մերուժանի մոտ, նրանից ես նույնր կխնդրեմ, կաղաչեմ և
կհամբուրեմ նրա վոտները, վոր ընդունե իմ խնդիրը։