Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


սազանդարի յե՞րբ հացը կուլ կերթար։ Առածները թուրքերեն եր, շատը մեկ բառ ելա չեր հասկանում, ամա լսողի, տեսնողի հոգին գնում եր դրախտը, յեդ գալիս: Միտք արի, միտք արի, մեկ որ ել ասեցի ինձ ու ինձ. արի քո քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն ծալի՛ր, ղրաղ դի՛ր. ու մեկ աշուղ ել դու դառ, ինչ կըլի, կըլի, խանչալիդ քարը հո վեր չի ընկնիլ, զառ վարազդ հո չի գնալ: Մեկ որ ել դու վեր կընկնիս, կմեռնիս, մեկ ողորմի ասող ել չես ունենալ:

Մեկ բարեկենդանի՝ աշակերտներս վոր բաց թողի, սկսեցի՝ ինչ վոր յերեխությունից լսած կամ տեսած բան գիտեյի, տակ ու գլուխ անիլ։ Վերջը իմ ջիվան Աղասին միտս ընկավ, նրա հետ հարիր հայի տղերք ել իրանց գլուխը բարձրացրին ու ամենն ել ուզում եյին՝ վոր իրանց վոտը գնամ։ Մյուսները մեծ մեծ մարդիկ եյին, շատն ել դեռ հլա սաղ սալամաթ՝ փառք աստուծո, Աղասին աղքատ ու մեռած, նրա սուրբ գերեզմանին ղուրբան։ Ասեցի կեղծավորություն չանեմ, նրան ընտրեցի։ Սիրտս եկել եր, բերնիս հասել։ Տեսնում եյի, վոր ել հայի գիրք ձեռն առնող, ել հայի լեզուն խոսող քիչ ա գտնվում: Մեկ ազգի պահողն ել՝ լեզուն ա ու հավատը, թե սրանց ել կորցնենք, վայն եկել ա մեր որին։ Հայոց լեզուն առաջիս փախչում եր. յերեսուն տարվա փակ բերանս Աղասին բաց արեց։ Մեկ յերես բան դեռ չեյի գրել, վոր իմ մանկական սիրելի բարեկամ ու ազնիվ հայազգի պարոն Դոկտոր Աղաֆոն Սմբատյանը ներս մտավ։ Ուզում եյի թուղթս ծածկեմ, ել չկարացի. ինձ համար աստված եր նրան են սհաթին ղրկել՝ նրա ջանին մեռնիմ։ Զոռ արեց՝ վոր կարդամ, բարեկամիցը ի՞նչ պետք ե թաքցրած։ Սիրտս դողում եր կարդալիս. մտքումս ասում եյի՝ թե հենց հմիկ վորդե վոր ա, գլուխը կպտտի, ունքերը կկիտի մյուսների նման ու իմ ախմախության վրա մտքումն ելա հո կծիծաղի, վոր յերեսիս չասի։ Բայց փիսը յես եյի, վոր նրա ազնվական հոգին դեռ լավ չեյի ճանաչել։ Վերջացնելիս՝ վոր հենց են ա, թուրն եկել եր, վոսկոռին դեմ առել վոր չասեց. «Թե եդպես կշարունակեք, շատ հիանալի բան կդառնա», ուզում եյի վրա թռչիմ, բերանը, են քաղցր բերանը համբուրեմ։

Նրա սուրբ բարեկամությանն եմ պարտական, վոր մունջ լեզուս բաց արեց: Նա գնաց թե չե՝ կրակը ջանս առավ։ Սհաթի տասն եր առավոտի։ Ել հաց, կերակուր միտքս չեկան։ Ճանճը առաջովս անց կենալիս, ուզում եյի սպանեմ, ենպես եյի վառվել։ Հայաստան հրեշտակի պես առաջիս կանգնել՝ ինձ թև եր տալիս։ Ծնող, տուն, յերեխայություն, ասած֊լսած բաներ ենպես եյին