Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինչո՞վ կարող եմ ձեզ ոգտավետ լինել, ասաց վերջապես իշխանը, վոր կամենում եր այդ ձանձրալի լռությանը վերջ տալ, մանավանդ վոր Ալթմազովը յուր կրակոտ, անվախ աչքերը ուղիղ ցցել եր՝ նորա մի փոքր ճպռոտած, մի փոքր կարճատես աչքերին։


— Մի՞թե պրոֆեսսորը խոսած չե իմ մասին, ասաց Ալթմազովը։


— Դուք արդեն ուսանող եք։


— Կարծեմ այո, վասն զի իմ վկայադգրը տալիս ե ինձ իրավունք՝ առանց քննության մտնելու Համալսարան, պատասխանեց Ալթմազովը լավ ռուսերեն առոգանությամբ։


— Այո՛, այո՛, այդ ինձ ասել եր պրոֆեսսորը, ասաց իշխանը, վոր ավելի և ավելի կորցնում եր յուր կախարդանքը մի «խնդրողի» վրա։


Դարձյալ լռություն։ Ալթմազովը յուր խոմոր հարցական իմաստով տնկել եր իշխանի վրա։ Այդ րոպեյին դուռը բաց ելավ և թագուհու քայլվածքով ներս մտավ հիանալի գեղեցկութլամբ Բայլզաքի գոված տարիքով մի կին։


Իշխանը վոգի առավ. նա նման եր Սոլֆերինի ճակատամարտի մեջ պատերազմող Նապոլեոնին, վորին ասացին թե՝ ահա Մակ—Մահոնը գալիս ե քեզ ոգնության։


Իշխանուհին ներս մտավ. շնորհալի շարժվածքով ձեռքը պարզեց մարդուն, ունքով պատասխանեց Ալթմազովի վողջունին և նստավ իշխանի մոտ։ Ալթմազովը փորձեց յուր աչքերի կախարդությունը իշխանուհու վրա ևս փորձել. բայց իշխանուհին շուտ հասկացավ մեր յերիտասարդի «ֆոքուսներ»—ը և այնպիսի թիք ու պռունկ արավ, վոր պ. Ալթմազովը յուր ամենահաղթ զենքը խոնարհեցուց։


Իշխանուհին փորձառու և կանոնավոր դաստիարակություն ստացած կնիկ եր. նա վաղուց լսեր եր այն մանր և կեղտոտ հաղթությունների մասին, վոր կավկասցի յերիտասարդները, ի վնաս իրենց առողջությանը և գեղեցկությանը, կատարում են պարզամիտ ռուս աղջիկների, այրիների և պառավների վրա. նա այդպիսի գարշելի անբարոյականության համար ի բոլոր սրտե ատել եր Կավկասը և նորա բնիկներուն։ Յերբոր իշխանը տեսավ, վոր նորից լռությունը տիրապետեց, խոսքը կենդանացնելու համար, ասաց Ալթմազովին. — «Կարող եմ հարցնել. ինչ ազգից եք դուք»։


Իշխանուհին ժամանակ չի տվեց Ալթմազովին պատասխանելու և իսկույն դարձավ մարդուն և ասաց.


— Բայց, աստված իմ, վորքան միամիտ եք. պարոնը հայ ե անշուշտ։