Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

* * *


Կուզեյի լինել սոսի հովասուն,
համարձակ փռված կանաչ սաղարթով,
և միջորեյին այդ դեմքիդ սիրուն
հովանի լինել հեզիկ շրշյունով։

Կուզեյի լինել ծաղկոցում բացված
քրաղցրաբույր մի վարդ, յերկնից արժանի,
և սիրո ժամին, խանդիցս արբած,
զարդարանք լինել կրծքիդ գեղանի:

Յեվ շող դառնալով գարնան արևի՝
կուզեյի պայծառ աչերումդ վառվել,
կամ ինչպես քնքուշ վոսկեվառ գոտի՝
չքնաղ իրանիդ փաթաթվել, փարել:

Լուսափայլ աստղիկ կուզեյի դառնալ,
քաղցր մանկան պես ծիծաղն յերեսին,
ինչպես ադամանդ շողշողալ, ցոլալ,
ով իմ թագուհի, քո բաց ճակատին։

Կուզեյի լինել լուսին ամոթխած,
արծաթի փայլով մազերդ շոյել,
այտերդ դգվել սիրուց բորբոքված,
դողդոջ շրթունքիդ համբույրներ դրոշմել։

Կուզեյի լինել սիրահար սոխակ
և ձեռիդ գերի, վանդակում փակված,
ականջիդ հնչել հրաշալի նվագ,
մեղմ որոր ասել քո հոգուն զմայլված։

Յեվ կախարդական տաճարում կանգնած՝
կուզեյի տեսնել յես քեզ Անահիտ ,
և յերկրպագել առաջիդ չոքած՝
սուրբ գեղեցկության անմահ տիպարիդ։

Մնաք բարով, արև, գարուն
և խնկաբույր ծաղիկներ,
կարկաչահոս վտակ սիրուն,
կանաչազգեստ բլուրներ.

Մնաք բարով, համբույր և սեր,
դեմրով հրեշտակ կույս չքնաղ,
վայելչության պայծառ ժամեր,
քաղցր ժպիտ, կյանք մատաղ...

Աղքատություն յես սիրեցի,
խեղճի լացը,հառաչանք,
յես քնարս նվիրեցի
վիշտ յերգելու և տանջանք։