Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դաշտը մթնում եր, մշուշը սևանում, քամին սաստկանում:


Հեռու, շատ հեռու, յերևի սև, ժայռոտ լեռներից, գուցե գայլը կամ գուցե մենակ մնացած վոևե գազան՝ տխուր ու յերկար՝ ոռնում եր մթության մեջ և յերկնքի վրայի աստղերը մի առ մի վառվում ցոլում եյին պսպղուն փայլով, դողդոջուն լուսով...


ԾՈՎԻ ՎՐԱ

1.


Դեպի Աղթամար եյինք գնում աշնանային մի զով գիշեր։ Գյուղից յելած ծովափի ավազների մեջ կանգ եյի առել և սպասում եյի քահանային, վորի հետ խոսք եյինք տվել միասին ճանապարհորդելու։


Վերջալույսն եյի դիտում Վանա ծովի վրա։ Ջուրը լերդ կանաչ եր կտրել, կոհակները միմյանց հրելով հեռանում եյին դեպի խորքերը և փրփուրի գծեր կազմում։ Հեռվում յերևում եյին յեզերքների գյուղերը, ծառաստանները. մի այլ կողմում Աղթամար կղզու կեսն եր, հորիզոնի մի կողմի վրա Կտուց անապատը, իսկ մյուսի՝ Առտեր կղզին, վոր մի մեծ սև թռչունի նման յերբեմե կարծես ընկղմում եր ջրի մեջ և յերբեմն դուրս ցցում իր ժայռոտ լերկ գագաթը։


Մայր մտնող արեգակն այդ միջոցին աղոտ ճառագայթներով խաղում եր ջրերի հետ ու լայն լուսավոր ուղի գծում մինչև ափը։ Նրա դեմքը նման եր հրաշեկ գնդակի վոր հետզհետե ընկղմում եր փրփրալից սև ջրի մեջ և լուսավորում գլխի վրայի ամպերը, նրանց յեզերքներին վարդագույն աննման ժապավեններ կազմում և դիմացի մի այլ ամպի յել բոցավառ ու անշարժ խարույկի տեսք տալիս։


Նավավար Թորոսն այդ միջոցին նավակի քիթը ցցել եր ավազի մեջ և միքանի գյուղացիների ոգնությամբ նավակն եր մտցնում վոչխարները։


Մինչ այդ արեգակը հետզհետե ընկղմում եր, ամպերը մեղմացնում ելին իրենց բոցը, լուսի շառավիղը աղոտանում, ծովը թանաքի գույն եր ստանում, կոհակները մեծանում եյին, ֆոսֆորային կայծեր արձակում և միմյանց մղելով գալիս շառաչյունով փռվում եյին վոտերիս տակ։ Յեվ Առտերը թագնվում եր խավարի մեջ, Կտուցը անորոշ կերպարանք ստանում ու յեզերային ծառերը և գյուղերը նմանում եյին մռայլ ստվերների։


Մի ձայն սթափեցրեց ինձ։ Քահանան եր. ձեռին բռնել եր մի մեծ կապոց և գինու հողե սափոր։