Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կղզիները անհետացել եյին։ Խավար խորքի մեջ ափն եր, Նեբրովգ և Գրդուռ լեռների կույտը, հեռվում Սիփանը իր ձյունափայլ կատարով։ Փչում եր ծովային զով, գրեթե ցուրտ քամի։


Քահանան ցրտից սկսել եր դողալ, մեկ-մեկու վրա գինու բաժակ եր դատարկում ու մռմռում.


— Կարծես ցուրտ ե, հը՞... չե՞ս ուզում, վարժապետ։


Ու ինքն եր խմում։ Յես ել խմեցի։ Մի բաժակ ել Թորոսը կոնծեց, հետո բարձրացավ դեպի մեզ իջնող ցանցաձև հովանոցը և ծածկեց նրան մի կտավով:


— Խմեցեք, — բացականչում եր քահանան տաքացած. — կեր. արբ և ուրախ լեր... առ, առ ես փոխինդից... մի տաղ ել ասա՝ լսենք. կարդացվոր մարդ ես, տաղեր շատ կգիտենաս...


Յեվ յես նայելով իմ հայրենի ծովին, հիշեցի հայ բանաստեղծի խոսքերը.


— Ձայն տուր, ով ծովակ...


Ու յերգեցի. ձայնս տարածվում եր ջրերի վրա դեպի հեռուները և կարծես դողդողում եր թարմ ոդի բարձրերում։


Ծովի ալիքները մեծանում եյին, նավակը սկսում եր մեծապեա շարժվել։ Քիչ հետո քահանան պառկեց, իսկ յես մի տեսակ անշարժության մեջ, աչքս լուսնի շողքի տակ սրթսրթացող կապույտ ջրին հառած՝ խորասուզվեցի յերազների մեջ...


Թորոսի ձայնը սթափեցրեց ինձ։


— Կմրսես, վարժապետ, — ասում եր նա. — քնիր, հիմա մեծ ալեկոծություն կսկսի։


— Քունս չե տանում, ալեկոծությունը սիրում եմ։


— Ուրեմն այստեղ ինձ մոտ արի, վոր ալեկոծություն տեսնես։ Նստելու տեղ կա։ Ծածկոցը վերցրու, վոր մեջը փաթաթվես։


Վերցրի ծածկոցս և Թորոսի կողքին տեղավորվեցի։


2


— Կատաղի ծով ունինք, — խոսեց Թորոսը. — անցյալ տարի հենց այս կողմերումն եր, վոր մի ավանցու նավակ ընկղմեց ու 40 հոգի խեղդեց։


— Քառասուն...


— Մեջն ել մի քահանա կար ու յերկու կին։ Աղթամար ուխտի եյին գնում խեղճերը։ Տես, վարժապետ, քիչ նայիր, այդ ալիքները տեսնում ես, մեծանալու—մեծանալու յեն և ծովը որորեն... Ըհը, յեկան... չվախենաս...


Հեռվից, իջնելով ու յելնելով, թանձր կանաչագույն միքանի խոշոր կոհակներ, հավաքվելով ուրիշ շատերի հետ մեծացան ու հուզված,