Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆՈՅԻ ԱԳՌԱՎԸ

1

ԳՅՈՒՂԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ՅԵՎ ՏԵՐ—ՄԱԿՈԻՉԸ.


Ոգոստոսի սիրուն առավոտներից մինն եր, յերբ յես ու ընկերս կանխավ արած մեր վորոշման համաձայն՝ դուրս յեկանք քաղաքից ձիով՝ հայրենի գավառակի գյուղերը պտտելու և միքանի ավերակներ տեսնելու։


Մենք պատկանում եյինք «տուն վերադարձող» այն նորեկների թվին, վորոնք ընտանիքի հացը հայթայթելու համար ստիպված են լինում տարիներով ապրել մեծ քաղաքում, ծծել միշտ նրա անառողջ ոդը, սնվել ավելի փոշիով, քան թե կերակրով և հետևապես կարոտիլ այնպիսի բարիքների, վոր բնության մեջ ապրող մարդը վայելում ե առատորեն, առանց, սակայն, նրանց արժեքը գնահատել կարենալու։


Ինչ բան ե, որինակ, մաքուր ոդը, դաշտի կանաչը, հովտի առվակը, անտառի զովը... մի՞թե կարելի յե կարոտիլ դրանց, կամ ցանկացած ժամին չվայելել։ Լեռնցի գեղջուկը, վոր կարիք բառը հասկանում ե միայն նյութականի վերաբերմամբ, անշուշտ կծիծաղեր, յեթե իմանար, թե մեր զրկանքը կազմում են այդ չնչին, հազիվ յերբեմն իր կարիքը լցուցանող բանեը։


Բայց ով տարիներով ապրել ե մեծ քաղաքում, միշտ միևնույն նեղ փողոցի վրա, նույն ապականված մթնոլորտի մեջ և գործել շարունակ լուսից ու ոդից զուրկ մի գրասենյակում, վորի բոլոր հրապույրը կազմում են յեղել չոր հաշվեմատյանները, յերկաթե պահարանը և անմիտ համարիչը, իրեր, վորոնք առնչություն ունին միայն փողի և հաշվի հետ, բայց վորոնց անծանոթ ե սիրտը և ավելի ևս զգայուն հոգին, իրեր, վորոնք մարդու ուղեղը բթացնում, աշխույժը մարում և հոգին նվաստացնում են... այդպիսին, հարկավ, կարոտելով կկարոտի այն ամենին, ինչ վոր անարժեք ե բնության զավակի համար. կկարոտի նրա դաշտին ու մարգին, նրա հովտին ու առվակին, նրա անտառի անուշ հովերին։