Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Չե, Սարգիս ապեր, այստեղ ավելի լավ ե, այ, այս սիրուն ծառի տակը կնստենք, — ասացի յես։


— Լավ, վոր ըտենց ա, թող մի խալիչա բերեն... Ախչի հե՜յ, ա Սավգյուլ, մի խալիչա ղրկէ ըստեղ, — ձայն տվավ ծերունին դեպի տան կողմը:


Միքանի րոպեյից հետո մի փոքրիկ, աղքատ հագնված աղջիկ, մի հին գորգ քաշ տալով բերավ փռեց ծերունու ցույց տված տեղը։ Վերջինի հրավերով մենք նստանք գորգի վրա։


— Հա, ասում ես, թե խի՞ չշինեցիր, — շարունակեց ծերունին ըեդհատված խոսակցությունը. — լավ ես ասում, վորդի, վոր շինած ըլեյի, հմի ես ա վոր յեկել եր, կտանի ու կնստացնի ձեզ են հովահար թախտաբանդումը ու մի թիքա հաց կդնի առաջներիդ... ամա դե կարացի վոչ...


— Յերևի փող չունեյիք, — հարցրեց Պետրոսը։


— Փո՞ղ... ընչի՞ չունեյի, փող ենքան ունեյի, վոր մի ատաժ չե, յերկուս ել կշինեյի։


— Հապա, ինչո՞ւ չշինեցիր, — հետաքրրքվեցա յես։


— Նոյի ագռավը չթողեց, վորդի, Նոյի ագռավը։


— Նոյի ագռա՞վը։


— Հա:


— Վո՞րն ե Նոյի ագռավը, — հարցրի յես զարմանալով։


— Նոյի ագռավը գիդում չես վո՞րն ա։


— Վոչ:


— Բաս դու սկի հուսումնարանումը կարդացել չե՞ս:


— Կարդացել եմ։


— Դե, են ա վարժապետը ասած կըլի թե հո՞վ ա Նոյի ագռավը, ել խի՞ յես ասում՝ գիդում չեմ։


— Ջրհեղեղի՞ ժամանակի Նոյի ագռավն ես ասում։


— Հա, բա ել ուրիշ ի՞նչ Նոյի ագռավ կա։


— Այն ագռավն ե, վոր չի թողել քեզ տունդ շինելու։


— Հա, հենց համին (իսկ և իսկ) են ագռավը։


Յես դժվարությամբ եյի ծիծաղս զսպում, իսկ Պետրոսը արդեն քահ քահ ծիծաղում եր։


— Խի՞ յես ծիծաղում, վորդի, — հարցրեց ծերունին ընկերիս։


— Հապա ի՞նչ անեմ, վոր չծիծաղեմ. ասում ես Նոյի ագռավը չի թողել վոր տունդ շինես։ Առաջինը՝ ագռավը վոնց կարող ե արգելել քեզ քո տունը շինելու, յերկրորդ՝ Նոյի ագռավը մինչև այսոր ապրո՞ւմ ե, վոր քեզ արգելի։


— Բաս չի՞ ապրում։


— Իհարկե վոչ։