Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԻՐԱՑՈՒ ՄՈՍԻՆԻ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԸ


Դեռ բավական որ կար, վոր Պետրոսը հասավ գյուղ։ Տանուտերը տանը չեր. նրան դիմավորեց տանտիրուհին, վորի հետ խոսել նա չեր կարող: Ի՞նչպես անցնել ուրեմն որվա մնացորդը, կամ ուր գնար մտածեց յերիտասարդը և իսկույն ել մտաբերեց տիրացու Մոսուն: — «Այցելեմ նրա դպրոցը, այս կարող ե ուրախացնել տիրացվին», — խոսեց նա ինքն իրեն և դուրս գնաց։


Առաջին պատահող անցորդը ցույց տվավ նրան տիրացվի տեղը, դեպի ուր և ուղղեց իր քայլերը։


Տնակն, ուր ապրում եր Մոսին, գտնվում եր գյուղի ծայրում և բաղկացած եր մի հատ յերդիկավոր, միտդուռն ոդայից և ցածուն, բայց լայնադիր սրահից, վորի առաջ գտնվում եր նաև փոքրիկ բակ, կիսով չափ պարսպած գետաքարերի անշաղախ պատով։ Հովանավոր սրահում, այլ և բակի այն մասում, վորի վրա հարևանի աթարի դեզը տարածել եր լայն ստվեր, անկարգ ու խառն ի խուռն նստոտած եյին մոտ յերկու տասնյակ տղաներ, վոմանք կտավի փոքրիկ մինդարների կամ հին կապերտի կտորների, վոմանք պատերի տակ ընկած սալաքարերի, իսկ ուրիշներն՝ ուղղակի հողի վրա։ Նրանք ձեռքերնին մի մի դիրք առած կարդում եյին, յերբեմն կամացուկ, յերբեմե մռմռալով, իսկ հաճախ բարձրաձայն, առանց մեկը մյուսին նայելու, վորից և բակի ու սրահի մեջ բարձրացել եր աղմուկ ու ժխոր։


Տիրացան, վոր Կամսարյանին հանդիպած ժամանակ յերևում եր կորաքամակ, այստեղ, աշակերտների առաջ ճեմում եր ձգված ու բարձրագլուխ։ Մինչև անգամ մորթն գդակը, վոր նա ճանապարհին քաշել եր գլխին մինչև ականջները, այժմ վոչ միայն բարձր եր՝ ճակատը յերևալու չափ, այլ և քեշ (ծուռը) դրված, վորով նրա դեմքը ստանում եր համարձակ ու ինքնավստահ արտահայտություն։ Նա ձեռքին ուներ հասարակ փայտից շինած մի յերկար քանոն, վոր նմանում եր վորմնադրի գազի և վորը շարունակ աջ ու ձախ ճոճելով՝ մոտենում եր մերթ այս, մերթ այն աշակերտին և փոխանակ խոսքով դիտողություն անելու, նրա ծայրով բոթում եր՝ կամ մեկի կրծքին՝ կամենալով ուղիղ նստեցնել նրան, կամ մյուսի գլխին՝ վորպեսզի սա շատ չկորացնե այն, իսկ հաճախ զարկում սրա ու նրա գրքին, վորպեսզի ծնկների վրա դնելու փոխարեն, ձեռքերնին առնեն նրանց:


Հեռվում՝ ձայնը մի աշակերտի, վոր կարգում եր կանգնած, հաղթում եր ընդհանուր ժխորին։ Այդ նշանակում եր, թե նա դաս ե ասում։