Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ ե պատճառը վոր դու... կարդում եր աշակերտը մայրենի լեզվից։


— Պատճառը չի, ա լակոտ. պատճառն ասա,—ուղղում եր տիրացուն:


— Պատճառը վոր դու այդպես...


— Ա հայվան, ադպեսը վո՞րն ա, մի շանց տու տենեմ.—ասում եր տիրացուն և քանոնը ճոճելով խոյանում դեպի աշակերտը։


Վերջինս՝ մեկ ճոճող քանոնին, մեկ գրքին նայելով, շփոթված պտրտում եր ադպեսը:


— Ո՞ւր ա, դե շանց տու տենեմ. շանց տու, շուտ, — կրկնում եր տիրացուն անհանգստությամբ։


Աշակերտը վերջապես գտավ ադպեսը և ցույց տվավ։


— Ադա, եշի ծեք, բա եդ ա՞դպես ա, ես յ-ին տենո՞ւմ չես. աչքդ քո՞ռ ա. հմի թխեմ դրուստ քոռացնեմ... ասում եր վարժապետը և ապա ուղղում—ասի՝ այդպես:


— Այդպես։


— Չոռ... դե հմի միտդ պահի։


— Այդպես ուրախ ծիծաղում ես... շարունակեց աշակերտը։


Կամսարյանը, վոր միքանի վայրկյան ցանկապատի յետևը կանգնած տեսնում ու լսում եր այս ամենը, վերջապես մտավ բակը։


Տիրացուն հենց վոր նշմարեց նրան, ձեռքը բնազդաբար դեպի գլուխը տարավ և գդակի, դիրքը ուղղելով՝ շտապ շտապ մոտեցավ յերիտասարդին։


— Բարով ես յեկել, աղա, հազար բարով, ես վո՞ր խաչից ա՝ մեզ միտդ ես գցել,— ասաց նա ժպտալով և սև ու կոշտ ձեռքը Կամսարյանին ուղղելով։


— Յեկել եմ քո ուսումնարանը տեսնելու,— պատասխանեց վերջինս և թեթևակի ու կես անուշադիր սեղմեց Մոսու ձեռքը։


— Շնորհակալ եմ... Աստոծ ել քե մհալ գցի (ուշադիր լինի) վոնց վոր դու մեզ մհալ ես գցում... ամա դե կբախշես, քու տենելու լայեղ հուսումարան չունեմ։


— Հոգ չե, ինչ ունես, այն կտեսնենք։


— Լավ կըլի,— համաձայնվեց տիրացուն և դառնալով աշակերտներին՝ կես բարձր ու կես խեղդված ձայնով հրամայեց.— ադա վե կացեք, աղին գլուխ տվեք:


Աշակերտները մեկը մյուսի յետևից վեր կացան տեղերից և շվարած ու յերկչոտ հայացքով սկսան դիտել «աղին»։


Նրանց արտաքինը չափազանց տխուր ազդեցություն եր անում: Մոտ յերկու տասնյակ աշակերտների մեջ հազիվ մի յերկուսը հագնված եյին որինավոր, այսինքն, ունեյին չմաշված շոր և կաշվե