Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պրիստավը խոսում եր այնպիսի մարդկանց հետ, վորոնք յեկել եյին Սայու համար նրա ոգնությունը հայցելու, դրանց թվում եր և տանուտերը։


Մինչդեռ պարտապան Սային, վոր աղքատ հագնված, նիհար և, ինչպես ասում են, մազն յերեսին չորացած մի ծերուկ եր, մորթե գդակը կռան տակն առած և մեջքը սրահի սյունին հենած, խեղճ ու կրակ նայում եր մեկ պաշտոնյային, մեկ խոսող մարդկանց, առանց մի բառ արտասանել կարողանալու և ապա հայացքը ձգում իր վերջին հույս ու ապավեն ձիուն ու մի հատ կովին, վոր գոմից դուրս հանած՝ պատրաստվում եյին առաջինը վեր գրել, իբրև արժեքավոր իրեր։


Մտնելով Սայու բակը, Կամսարյանն ուղղակի դիմեց պրիստավին և հայտնելով նրան իր անունն ու ազգանունը, խնդրեց ծանոթանալ։


Պետրոսը, առանց ուշացնելու, հայտնեց պաշտոնյային իր նպատակը, վոր եր՝ ոգնել գյուղացուն դժվար կացությունից յելնելու։


— Դուք, յերևի, կամենում եք նրա պարտքն առնել ձեզ վրա, — հարցրեց պաշտոնյան, լավ չըմբռնելով Կամսարյանի խոսածը։


— Վոջ, յես իմացա, վոր պարտատիրոջ պահանջն անարդար ե, այդ պատճառով կամենում եմ, վոր մասնավոր կերպով քննության առնենք այդ խնդիրը:


— Այդպիսի քննության յես, դժբախտաբար, չեմ կարող մասնակցել, և դա գործնական հետևանք ել չի ունենալ։ Վորովհետև պարտատերը ներկայացրել ե ինձ դատարանից առած որինավոր հրամանագիր (կատարողական թերթ) և հայտնելով, վոր պարտապանը հոժարությամբ չե վճարում իր պարտքը, պահանջում ե վեր գրել նրա ստացվածքը և աճուրդով վաճառել. յես չեմ կարող որենքի հրամանը չկատարել։


— Յես ինքս իրավաբան եմ և այդ ամենը գիտեմ։ Որենքի հակառակ վոչինչ չեմ առաջարկիլ։ Այս մեկն եմ միայե խնդրում, վոր ժամանակ տաք ինձ այս մարդու հետ խոսելու։ Սրա պահանջը հիմնված ե հայտնի խարդախության վրա, վորի համար քրեական պատժական որենքը սպառնում ե հանցավորին իրավունքների զրկանք և բանտարկություն։


— Ի՞նչ խարդախություն կարող ե լինել. նա դատարանին ներկայացրել ե 131 րուբլու որինավոր մուրհակ և այդքան գումարի յել հրամանագիր առել։


— Բայց գյուղացին պարտ չե նրան այդքան։