* * *
Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,
Ու բոլորն, ահա, նորից կենդանի
Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում...
Սու՜ս, ակա´նջ արա,-հովիվն է կանչում...
IV
* * *
-Աղջի´, Անաստված, նըստի´ր վըրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում,
Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,
Խաղեր կապելով,Չոլեր չափելով,
Ոչխարըս անտեր,
Ընկել եմ հանդեր:
Ամա՜ն, էրեցիր սիրտըս քու սիրով,
Ոտըս կապեցիր թել-թել մազերով,
Էլ չեմ դիմանալ, կըփախցընեմ զոռով,
Ա´յ սարի աղջիկ,
Ա´յ սիրուն աղջիկ,
Ա´յ դու կարմրաթուշ,
Թուխամազ Անուշ:
Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան,
Արին կըթափեմ ես գետի նըման.
Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման.
Ա´յ սև աչքերով,
Ա´յ ծով աչքերով,
Ունքերըդ կամար
Աղջիկ, քեզ համար:
V
* * *
Յերգում է Սարոն, ու չի կարենում
Աղջիկը հանգիստ նըստի վըրանում:
-Են ո՞վ էր, նանի´, որ կանչում էր մեզ.
Դու չես իմանում... ականջ արա, տե՜ս…
Հերի´ք է, Անու´շ, ներս արի դագեն,
քանի´ դուրս թըռչես, նայես դես ու դեն.
տեսնողն էլ կասի- ի՜նչ աղջիկ է սա...
հազար մարդի մոտ կերթա, կըխոսա:
-Մըտի´կ տուր, նանի´, էն սարի լանջին,
ի՜նչքան ավլուկ է տալիս կանանչին...
նանի´, թող գընամ քաղեմ ու հյուսեմ,
են սարի լանջին «ջան գյուլում» ասեմ:
-Հանգի´ստ կաց, Անու´շ, դու հասած աղջիկ`
ի՞նչ ունիս ջահել չոբանների մոտ,
պարկեշտ կաց, աղջի´, ամոթ է, ամո՜թ:
-Ա՜խ, սիրտըս, նանի´, չըգիտեմ ընչի,