Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/551

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

* * *


Մին լաց ե լինում սևակնա՜ծ, տըխու՜ր,
Մին թև ե առնում, ուզում է թըռչի,
Չըգիտեմ` թե ու՜ր, չըգիտեմ` թե ուր...
Նանի´ ջան, նանի´, ես ին՞չպես անեմ,
Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ,
Նանի´ ջան նանի´, կուժը թող առնեմ,
Աղբյուրը գընամ աղջիկների հետ...



VI

* * *


Կըժերն ուսած` թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,
Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում սարն ի վեր:
-Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Են ու՞մ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր են սարում:
Ա՜յ պաղ ջըրեր, զուլալ ջըրեր,
Որ գալիս եք սարերից:
Գալիս` անցնում հանդ ու չոլեր,
Յարս ել խըմե՞ց եդ ջըրից:
Յարաբ խըմե՞ց, յարաբ հովցա՜վ
Վառված սիրտը են յարի,
Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի...
-Աղջի´, քու յարն եկավ անցավ
Վառված, տարված քու սիրով,
Էրված ջիգյարն` եկավ անցավ,
Չըհովացավ պաղ ջըրով...
Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ ե տալի, փըրփըրում.
Ա՜խ, իմ ազիզ յարն ե լալի
Հոնգուր-հոնգուր են սարում:



VII

* * *


Ու պառավ նանի սըրտի մեջ հանկարծ
Ձեն տըվավ թաքուն մի խավար կասկած.
-Են ե՜րբ եր` Անուշն իր կուժը առավ,
Աղբյուրը գընաց ու ետ չըդառավ...
Ամպերն եկել են սարերը պատել,
Ձորերը լըցվել, իրար փաթաթվել,
Հազար չար ու շառ, հազար հարամի,
Հազար ջահելներ վըխտում են հիմի...
Ու ելավ տեղից պառավը հանկարծ.
-Ու կորար, Անու՜շ, ա´յ մազըդ կըտրած...