Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

* * *


Ու ձորի գլխին, ձեռքը ճակատին,
կանչում ե, կանչում անահ զավակին.
— Աղջի, սևասիրտ, քու ահը կտրի,
աղջիկը մենակ ձորը կմտնի,
Ամպը կոխել ե, աշխարքը մթնել,
ինչ ես կորցրել, չես կարում գանել...
Աղջի, հե՜յ Անուշ, այ աղջի, Անուշ...»
Ծնկանը զարկում, հառաչում ե «վուշ»,
ու ձորի գլխին մոլորված կանգնած՝
նայում ե ներքև սիրտը սևակնած։
Ամպերն յեկել են, սարերը պատել,
ձորերը լցրել, իրար փաթաթվել,
հազար չար ու շառ, հազար հարամի,
հազար ջահելներ վխտում են հիմի։



VIII


* * *


— Թոզ, կանչում են ինձ... մերս կիմանա...»
— Չե, Անուշ, քիչ ել, մի քիչ ել մնա...
— Չե, թող յես գնամ... ախ, ինչ խենթ եմ յես...
Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես,
հենց յես եմ մենակ լալիս ու տանջվում,
դու սարի լանջին խաղեր ես կանչում...
Վաղուց, վաղուց ես դու ինձ մոռացել...
Տես յերբ եմ յեկել եստեղ քարացել
ու մնում եմ քեզ, մնում, անիրավ...
ենքան մնացի, աչքս ջուր դառավ.
ինձ չես լսում,
չես ափսոսում,
ել չես ասում.
ինչ կըլնեմ յես...
Յես կվառվեմ,
հուր կդառնամ,
յես կհալվեմ,
ջուր կդառնամ,
յես չգիտեմ՝
ինչ կդառնամ,
թե վոր մին ել
եսպես մնամ...
Ասում են՝ ուռին
աղջիկ եր ինձ պես,
մնում եր յարին,
ու չեկավ նա տես։
Խեղճը դողալով
անհույս կռացավ,
դարդից չորացավ,
ուռենի դարձավ։