Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

XIII

* * *


Վեր կացավ Մոսին. իրեն կըտրատում,
-Թող գա՜, գոռում ե, որ բըռնենք նորից,
Թե չէ նամարդը, արևս եմ երդվում,
Ել չի պըրծնելու երբեք իմ ձեռից:
Վե՜ր չի գցել ինձ… ինձ խաբել ե նա...
Մեյդան բաց արեք, թող մին ել մեջ գա...:
Ու ամեն կկողմից ուրախ հըռհըռում,
Թունալի ծաղրով կանչում են , գոռում.
-Չե´լավ, եդ չե´լավ,
Վեր չի գըցել դեռ,
Մոսին թոլ ելավ-
Խոզապարկուկ էր…
Հա´, հա´, հա´, տըղե´րք,
Մեջքը թափ տըվեք...:




XIV


* * *


Եվ աղմկալի հարսանքի տանից
Դուրս եկավ Մոսին սաստիկ վիրավոր.
Արյուն է կաթում սևակնած սըրտից,
Գընում է ըշտապ, քայլերը մոլոր:
-Ամո՜թ քեզ, Մոսի´, թու´ք ու նախատինք,
Ամո՜թ քեզ նըման գոված իգիթին,
Մի անունըդ հիշիր, մի բոյիդ մըտիկ,
Դեռ քո թիկունքը չէր տեսել գետին:
Ի՜նչպես վեր ընկար դու՜ սարի նըման,
Երբոր նայում էր ողջ գյուղը կանգնած...
Դու՜ կուչ գաս տակին Սարոյի ծընկան,
Նըրանից հետո երևաս կանա՜նց...
Եկա՞ծ էր էս բանն իսկի քու գըլխին...
Ծաղրատեղ դառար բովանդակ գեղին...
Դե մեռի´ր էլի´, գետինը մըտի´ր,
Տանը վե´ր ընկի´ր` իլիկ պըտըտիր...:




XV


* * *


-Վա՜յ, վա՜յ, Մո´սի ջան, ինձ մի´ ըսպանիր,
Սըրանից հետո չե´մ սիրիլ նըրան...
Վախենում եմ ես… ղամեդ տեղը դիր...
Սիրտըս դողում է տերևի նըման...
Խնդրում էր լալով եղբոր առաջին
Անզոր ու դալուկ իր քույրը չոքած.
Մոսին` փայլկըտուն խանչալը ձեռին`
Ուզում էր մորթել նըրան աչքը բաց: