Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

* * *


Քարոտ թիկունքից Չաթինդաղ լեռան
Նոր ե արևը պըռունգը հանում:
Գյուղում աղմուկով իրար են անցնում,
Կըտեր ծերերին կանայք հավաքված,
Տըղերքը դեպի քարափն են վազում`
Հրացանների կիսերից բըռնած:



XVIII

* * *


Եկավ վիթխարի ծերունի մի մարդ,
Կանգնեց վըրդովված տըըղերանց միջին,
Մատը դեպի ձոր մեկնելով հանդարտ
Եսպես նա պատմեց զոռ տալով չիբխին.
-Ես գիշեր, կեսը կըլներ գիշերվա,
Դեռ չէի կըպցրել աչքըս տեղի մեջ,
Քունս ել ե կորել, ջանս ել են վաղվա,
Ամեն մի բանից մընացել եմ խեղճ...
Հա´, հալալ կեսը կըլներ գիշերվա,
Շունը վերկացավ ես կըռան վըրա.
Հեյ-հե՜յ, կանչեցի, ձեն տըվող չելավ.
Շունը գազազեց, շունը վեր կալավ...
Հե՜յ գիդի, ասի ինքըս իմ միջում,
Ի՜նչ ե մընացել առաջվան տըղից.
Քընում եի վաղ մենակ արխաջում,
Մի ձեն լըսելիս վեր թըռչում տեղից...
Են եի ասում, քընել չեի դեռ.
Կըլիներ դառը գիշերվան կեսը,
Երկու մարդկային սև կերպարանքներ
Շան առջև փախած` ցած իջան դեսը...
Ես որ լըսեցին, դես ու դեն ցըրված
Տղերքը ճեպով ձորը ներդ մըտան,
Ու մտի տակին, ճամփիցը ծըռված,
Երկու մարդու թարմ ոտնոտեղ գըտան:



XIX

* * *


Ամբողջ մի ամիս խումբը զինավառ
Սարեր ու ձորեր ոտնատակ տըվեց`
Չոբան Սարոյին գըտնելու համար.
Որ սարիցն իջավ, Անուշին փախցրեց:
-Հալալ ե տըղին, ա´յ իգիթություն,
Ահա թե ինչպես կըփախցնեն աղջիկ:
Մենակ Անուշի ախպերը-Մոսին
Մընաց հանդերում. երդում կերավ նա,
Ուր որ ել լինին` նըրանց միասին
Գտնի` կոտորի, սիրտը հովանա: