* * *
Մընաց հանդերում: Եվ ահա մի օր,
Քաղվոր կանանց մեջ, մըթան հետ, թաքուն,
Շորերը պատռած, տըխուր, գըլխակոր
Անուշը ձորից եկավ հորանց տուն:
XX
* * *
-Աղջի´, Վարդիշաղ, թե հոգիդ սիրես,
Մի գարիդ գըցի´ր, տես ի՞նչ ե ասում.
Աչքըս խավարի, տեսիլ դառնամ ես,-
Տեսիլք եմ տեսել գիշերս երազում:
Մի մութ ձորի մեջ, մի նեղ ձորի մեջ,
Անբախտ Սարոյի ոչխարը կանգնած,
Լեզու եր առել ու խաղ եր կանչում,
Ու խաղ եր կանչում ձեն ձենի տըված...
Մի գարիդ գըցիր, թե որդով խընդաս,
Ես երազն իսկի ես լավ չեմ փորձել.
Ողորմած աստված, քու դուռը բանաս,
Քու ոտի հողն ենք-դու ես ըստեղծել...
Անբան գառները մութ ձորի միջին
Խաղ եին կանչում ու ձենով լալիս,
Սարոյի նանն ել նըրանց առաջին
Աղլուխ եր առել ու պար եր գալիս...
-Աղջի´, Մանիշակ, վատ բան ես տեսել,
Գարիս ել ահա, եդպես դուրս եկավ.
Ես չարն, ես բարին... Սարոն ե ես ել...
Տե´ս, ահա, Սարոն սև ճամփեն ընկավ...
Աստված խընայի ջահել-ջիվանին,
Աստված խնայի իր անբախտ նանին...
XXI
* * *
Ու ման ե գալի սարերը ընկած
Սարոն փախցըրած եղջերվի նըման,
Օրհասն առաջին, գընդակն ետևից,
Հանդերը` դըժողք, ընկերը` դուշման:
Եվ երբ երեկոն հանդարտիկ ու լուռ
Սարերից իջնում, խավարն ե պատում,
Նըրա բայաթին ողբում ե տըխուր,
Ընկեր սարերին խոսում, գանգատվում:
-Բարձըր սարեր, ա´յ սարեր,
Ձեն եմ տալի «վա´յ», սարե´ր,
Դուք ել ինձ հետ ձեն տըվեք:
Իմ դարդերի թայ սարե´ր:
Որս եմ` բութես ձեզ արած,
Ձեր ձորերին, ձեզ արած,
Կուզեմ կորչեմ անգյուման
Ես աշխարհքից բեզարած: