* * *
Կորչեմ բեզար դատարգուն,
Քարե-սարեսար դատարգուն,
Մեռնեմ պըրծնեմ ես օրից,
Բալքի առնեմ դադար-քուն:
Ա՜խ, կըմեռնեմ` ամա նա
Վա՜յ թե հանկարծ իմանա,
Ես ազատվեմ ես ցավից,
Աչքը լալով նա մընա:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԳ
XXII
* * *
Լալիս ե Անուշն երեսին ընկած,
Կանգնած են շուրջը կանայք հարևան,
Ու խոսք չեն գըտնում ասեն անարգված,
Տարած, ետ բերած, անբախտ աղջըկան:
Աստված խընայեց` կոպիտ ախպերը
Հեռու հանդերից դեռ տուն չեր դարձել,
Իսկ խոժոռադեմ ալևոր հերը
Ըսկսավ փըրփըրած թքել, անիծել:
-Դու՜րս գընա, կորի´, ա՜յ լիրբ, անըզգա՜մ,
Սև ու սուգ լինի թագ ու պըսակըդ.
Կորի՜, չերևաս աչքիս մյուս անգամ,
Գետինը մտնի երկար հասակըդ:
Տեսա´ր, որ նըրան ատում ե Մոսին,
Չեն ուզում, տեսար, նըրան հերն ու մերդ
Դու քանի գըլուխ ունիս քո ուսին,
Որ վեր ես կենում փախչում նըրա հետ:
Խռնըված գյուղացիք կըտուրից իջան`
Մեղմելու կոպիտ բարկությունը հոր,
Հայտնըվեց նույնպես գյուղի քահանան,
Մի պատկառելի հըսկա ալևոր:
-Դու´րս գընացեք դու´րս, գոչեց տերտերը,
Անուշը թողեք ուղիղն ինձ ասի,
Թողեք նա հայտնի իր միտքն ու սերը,
Նըրանից հետո բանը կըպարզի:
Մի´ լար, իմ աղջի´կ, ինձ խոստովանի´ր,
Սիրու՞մ ես նըրան, քու կամքո՞վ փախար...
Եթե սիրում ես` ել դարդ մի´ անիր,
Պիտի պըսակեմ ես ձեզ անպատճառ...
-Ի՜նչ են հառաչում, են ո´վ եր, մի տե´ս,
Որ դուրսը հանկարծ աղմըկեց եսպես...
Ո՞վ ե ըսպանել... Մոսի՞ն... ու՜մ...ու՜ր...
-Անու՜շ, հե´յ Անու՜շ... ջուր հասցըրե´ք, ջու՜ր...