Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/563

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

XXIII


* * *


Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,
Երկընքի մըթնած ամպերից իջներ,
Ինչպես փոթորիկ սաստիկ սրընթաց,
Գյուղից սըլացան մի խումբ կըտրիճներ:
Ցավից տաքացած ել բան չեն հարցնում,
Թըռչում են, ասես ահից հալածված,
Ու նըրանց առջև ահռելի բացվում
Թըշշում ե ձորը արյունով լըցված:
Գյուղը դատարկվեց մի ակնթարթում,
Քարափի գըլխին կանգնած անհամբեր,
Լու՜ռ, սըրտատըրոփ ականջ են դընում,
Նայում են ներքև... ձեն չի գալիս դեռ.
Դեբեդն ե մենակ անդընդում` հուզված`
Խըլաձայն ողբով սողում դեպի ցած:



XXIV

* * *


Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,
Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր.
Սարսափ ե կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված ե բոլոր:
Առանց նայելու մարդկանց երեսին,
Առանց խոսելու, սևակնած, դաժան,
Մոտեցավ սրահին, կախ տըվավ սընին
Սև հըրացանը` սև օձի նըման:
Պապանձվեց նույնպես ամբոխը մեխված,
Ոչ ոք ծըպըտալ չի համարձակվում,
Մենակ մի հոգի անզուսպ կատաղած`
Հարա՜յ ե կանչում, երեսը պոկում:
Մեռած չոբանի պառավ նանն ե նա`
Ցավից խելագար, բառաչում, լալիս.
Տարաբա´խտ ծընող, վազում ե ահա,
Ձորիցն ե տըխուր գոռոցը գալիս:



XXV

* * *


Սըգավոր կանայք նըրա ետևից
Հարա՜յ կանչելով ձորը վազեցին,
Իրենց կորցրածն ել հիշելով նորից`
Դիակի շուրջը հերթով շարվեցին:
Իգիթին վայել սըրտառուչ ողբով
Լաց ու կոծ արին ձեն ձենի տըված.
Տըղերքն ել մըթին, լուռ ու գըլխակոր.
Մընացին մոտիկ քարերին նըստած:
Ողբացին անշունչ դիակի վըրա`
Անտեր մընացած ոչխարի մասին,
Անսիրտ անեծքով հիշեցին նրա