* * *
Անճար մընացած խեղճ յարի մասին.
Եվ նրա մասին, որ ընկերները
Հանդը գընալիս Սարո կըկանչեն,
Որ սարից փախած սոված շները
Կտերը պիտի ոռնան, կլանչեն:
Ծանըր չոմբախը, գըլուխը մեխած,
Օճորքում դըրած պիտի մըրոտի,
Երկար խանչալը պատիցը կախած,
Պատենում մընա ու ժանգը պատի...
Որ հով սարերի սովորած նանը
Ել սար չի գընալ առանց Սարոյի:
Սև շորեր հագած կընըստի տանը,
Անցած օրերը միտը կըբերի:
Եվ ամեն մի խոսք, մի հիշողություն
Կըտրատում եին սիրտը ծեր նանի,
Եվ աղաչում եր նա մեռած որդուն`
Մի անգամ խոսի, աչքը բաց անի:
-Ընչի՞ չես խոսում, ընչի՞ չես նայում,
Իմ օր ու արև, կյանք ու ջան` որդի,
Դու իմ գերեզմանն ընչի՞ ես խըլում,
Թըշնամի´ որդի, դավաճա´ն որդի...
Բայց չեին բացվում աչքերը փակված,
Շուրթերը սառել, չորացել եին.
Նըրանց արանքից ատամները բաց`
Սիպտակ շարքերով երևում եին:
Ու նա կատաղած` հանդուգն անեծքով
Ծառս եղավ դուշման երկնքի դիմաց,
Եվ հայհոյում եր, և կուրծքը ծեծում,
Եվ լալիս եին ձեն ձենի տըված...
-Կարմիր արևից ընկած, Սարո ջա՜ն,
Կանանչ տերևից ընկած, Սարո ջա՜ն...
Արևս հանգավ, Սարո ջա՜ն...
Գիշերս ընկավ, Սարո ջա՜ն...
Գիշերը ընկավ, թանձրացավ մութը,
Ու նըվաղեցին ձեները տըրտում,
Հոգնեցի՜ն, հանգա՜ն... Ծերուկ Դեբեդը
Սըգում եր մենակ խավար անդընդում:
Սգվոր գետը`
Ծեր Դեբեդը,
Սիրտը քըրքրած,
Ջուրը փրփրած,
Քարոտ ափին,
Լեռ քարափին,
Դեռ ծեծում ե,
Հեծեծում ե...