Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/572

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԱԹՈՒՆԻ ԱՐՏԸ

I


Քաղաքային աղմկալից կյաեքը նոր եմ թողել, տասն որ հազիվ կլինե գյուղը գալս. հուլիսի վերջերին մոտ ե։ Ղազախի գավառի շոգ տեղերի հունձը վերջանալու վրա յե, իսկ մեր գյուղն արդեն վերջացրել և խուրձը քաշելու պատրաստություն ե տեսնում։ Սարից քաշանալուն ել ընդամենը մի շաբաթ ե մնացել։ Վայ նրան, ում արտը դեռ վոտի վրա յե. տուն-տեղ թողած գիշեր ցերեկ արտի մոտից չպիտի հեռանա։ Աչքից գցեց թե չե, տավարը կծղած արտը ծղնոտատեղ կշինի։


Շաբաթ յերեկո յե, ճեճենների ձայնը թնդացնում ե մերձակա անտառը, հնձվորները հանդից խումբ-խումբ ուրախ-ուրախ վերադառնում են տուն, իսկ յես մեր տան առջև թթենու շվաքի տակ նստած, մի մեծ արկղ առաջս՝ հանում եմ այնտեղից հին գրություններս ու աշխատում վերանորոգել անցյալի մտապատկերներս։ Մայրս ինձնից դենը նստած թեյի բաժակներն ե լվանում, միայն նրան անհանգիստ են անում քորփա ճուտերը, վորոնք սըվսըվալով քիչ ե մնում բաժակներն ընկնեն։ Մայրս քշա անելուց բեզարած նախատելով ճուտերին տեղից վեր ե կենում կուտ գցի: ճուտերը թևատարած վրա յեն վազում, մի րոպեյում վեր քաղում կուտն ու գալիս մոտիս առվակից ջուր խմում։


Շատ խաղաղ հոգեկան դրության մեջ ենք այդ յերեկո։


Ահա այդ միջոցին ձեռները ծոցումը, գլուխը քաշ գցած մոտենում ե մեր հարևան հարսը, վորի նշանածն այս գարնան սկզբներում սաթալջամից մեռել ե, աստծո հուսով թողնելով իր ջահել կնոջը, յերկու աղջկանն ու տասը տարեկան աղային։ Հարսը մոտեցավ, կուչ յեկավ մորս կողքին ու սկսեց ինչ-որ բանի մասին ձեռքի նշաններով գանգատվեր վորովհետև չխոսկան եր նրանից ել, ինձանից ել։


Զգացի ինչ-վոր ցավ պիտի ունենա այդ հարսը, վոր հարան մեզ ե գցել։