Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/608

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեծացրել. ինչի՞ յես թքում վրաս։ Արտիդ դիպչում ե, վոր յես եսպես եմ խոսում... Անխելքը յես եմ, վոր քեզ համար մտածում եմ, քո հոգսն եմ քաշում։ Հողը իմ գլխին եր իմ բախտի գլխին ել...


Յեվ թաշկինակը արտասվալի աչքերին տանելով, հեռացավ վորդուց։


Հետևյալ առավոտյան մանկանը լողացնելուց Թամամը հանաքով քողարկված անեծքներ թափեց նորածնի գլխին. և յերբ Սաթենիկի անդրանիկ աղջիկը՝ տարի և կիսական Յեղիսաբեթը մոտեցել եր տատին ու զարմանքով մատը դեպի նորեկ քրոջն եր անում, պառավը ծիծաղելով պատասխանեց.


— Հա, ես ե. սա յել քո կտորն ե. քեզ եր սրան ել մի պատանի մեջ դնեմ, տամ տերտերին, տանի թաղի, հա՞ա...


— Այո,— պատասխանեց յերեխան միամտաբար։


Միքանի որ դրանից անցած, առավոտյան Թամամը կրկին լողացնում եր մանկանը, վորը այդ որը անընդհատ լաց եր լինում։ Վոչ մոր ծիծը, վոչ լողացնելը, վոչ որորելը — վոչինչ չեր ոգնում։ Յերևի ցավող տեղ ուներ։


— Ինչ անեմ յես,— գանգատվում եր սկեսուրը համբերությունը հատած,— գլխիս եմ դնելու պահեմ... Շատ մի աչքիս լույսն ես... Սուս, սուս...


Հետո դառնալով հարսին՝ զայրույթով ասաց.


— Աղջի, վերցուր ծիծ տուր նորից, վոր ձայնը կտրի։


— Դե հիմիկս տվեցի ելի,— պատասխանեց հարսը տնքտնքալի ձայնով,— սուս չի կենում։


— Են ցեղից եք վոր սուս անի՞, ընկել եմ որը ելի. ասում եմ վերցուր ծիծ տուր, իսկի ինձ լսում ե։


— Դե հը, — ասաց Սաթենիկը բարկացած և յերեխային արագությամբ գիրկն առնելով,— ախր իսկի կաթն ել չի ուտում. զոռով կարող եմ ծիծ տալ։


— Աղջի, եդ ում վրա յես փոշիդ թափ տալիս,— գոչեց սկեսուրը, յես ինչ մեղավոր եմ. ծնողը դու, յերեխան քոնը. ո՞վ ե մեղավոր, վոր եդպես մի պատիժ ե ծնվել։ Հարս բերիք վոր թոռներ տեսնեմ, սիրտս բացվի, հանգիստ ապրեմ ես տանը, չելավ։ Ջհաննամը, ծնունդը տղա լիներ, ելի վոչինչ...


Յեվ լռեց, սպասելով պատասխանի։ Սաթենիկը, վոր այդ որը յերեխայի լացի և իր ցավերի պատճառով մելամաղձոտ և դյուրագրգիռ եր դարձեր ներքուստ սաստիկ հուզված եր պառավի խոսքերից։


— Հը, ինչի՛ սուս կացար,— ասաց նա արհամարհանքով և ատելությամբ,— մին ել ասա, վոր կշտանաս։