— Պա ինչի՞ չեմ ասիլ,-գոչեց սկեսուրը,—փէս հարսի աչքն ել կհանեմ...Կարծում ես թե սոս եմ մնալո՞ւ։ Դու ինձ ու ես տան համար ցավ ու կրակ դարձար։ Աստված ինձ իմ ուզած հարսը չհասցրեց։ Քեզ նման հարսին տանը պահելու, չի, տանը։ Յերկու աղջկանդ ել ձեռք տալու յե և հորդ տունը յետ ուղարկելու։
Այդ խոսքերը, վորոնք չափ ու սահմանից անց եյին, խոր խոցեցին
Սաթենիկի քնքուշ սիրտը։ Նրա վոտն ու ձեռը դող եր ըննկել,
գույնը բոլորովին թռել եր, և դեմքի վրա յերևան եյին գալիս
մեկ մեկ ցնցումներ ու կրկին չքանում։ Հարվածը սաստիկ եր, և
խեղճը չկարողացավ դիմանալ դրան։ Կամեցավ խոսել, բայց ձայնը
խեղդվեց կոկորդում, և նրա աղեկտուր լացի միջից լսվեց հետևյալը.
֊ Սպանի՛ր, սպանիր, մեռնեմ, քո ձեռքից պրծնեմ ելի...
Կգնամ, կկորչեմ ես տնից, միայն թե դու ուրախ լինես, միայն թե
քո յերեսը չտեսնեմ։ Անտեր չեմ, վոր միշտ գերի մնամ քո
ձեռքին:
Նա վեր թռավ տեղից, թեթև շալը ուսերին ձգեց և շտապով
դուրս յելավ տնից։
֊Աղջի՛, ո՞ւր ես գնում,—գոչում եր նրա հետևից սկեսուրը, —
աղջի՛, յերկու որվա ծննդկանը պա դուրս կգա՞։Աղջի՛, կաց, մեզ
մի խայտառակիր։
Բայց Սաթենիկը չեր լսում։ Նա արդեն փողոցումն եր և շտապով
գնում եր հերանց։ Փոքրիկ Յեղիսաբեթը լաց եր լինում մոր
հետևից, իսկ նորածինը շարունակում եր իր մղկտոցը։
Թամամը խղճաց յերեխաներին։ Նա մոտեցավ, գիրկն առավ
Յեղիսաբեթին, համբուրեց նրան և ասաց.
— Լաց մի լինիլ, նանան քեզ ղուրբան, մայրիկը հրես կգա...
Վատ մայրիկ... Լաց մի լինիլ. գնանք քեզ չամիչ տամ։
Դրան այդպես լռեցրեց, իսկ նորածնի խանձարուրը գիրկն
առնելով սկսեց անց ու դարձ անել սենյակում և գրկումը որորել
նրան։Քիչ հետո նորածինն ել իր ձայնը կտրեց, կարծես նա մի
փոթորկի յեր սպասում։
— Եսպես ել խայտառակչություն կլինի,—կրկնում եր հաճախ
Թամամը, ձեռքը գլխին խփելով։
Տուն յեկավ Գեվորգը։
— Ո՞ւր ե Սաթենիկը,—հարցրեց նա:
Մայրը պատմեց յեղելությունը։ Յերիտասարդը ձեռքը ճակատին
զարկեց և շանթահար դուրս թռավ տնից։ Աներոջ տունը
մանելով՝ տեսավ, վոր կինը պառկած ե։ Զոքանչը յերկու վերմակով
ամուր ծածկել եր նրան, իսկ ինքը կողքին նստել։ Աչքերի
արտասուքը դեռ չեր չորացել։