Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վանդացած կոտորվեց։ Սոված ու տկլոր գյուղացիները կերան կոտորվող տավարի միսը, ու իրանը ել վոտից ընկան, ու անմիջապես սովը մի սոսկալի արբանյակ ել ճարեց մարդիկ հնձելում: Այդ արբանյակը չարորակ տիֆն եր։ Բայց տիֆը մենակ չեկավ. նրա հետ ծաղիկն ել յեկավ, այն՝ վոր անունը քաղցր ե, ինքը դաժան։ Ու սկսեցին առաջկտրուկի տալ մարդիկ հնձելում, մարդիկ փրդելում. տիֆը մեծերին եր կոտորում, ծաղիկը փոքրերին, ցուրտը նրանց ճամպան դրստում, սովն ել նրանց բանը հեշտացնում։


Սուգ եր պատել բացե իրաց ամբողջ գյուղը։ Տուն չկար, վորի միջից մեռել դուրս յեկած չլիներ: Գյուղը իսկապես գառնատվել եր, մեծամարդն ել մինումեջ եր մնացել։


Այդ սարսափելի ժամանակը միայն հարուստները կարողացան ոգուտ տեսնել աղետից։ Նրանց ամբարած մթերքները, խեղճերի արյուն քրտինքով կերած մթերքները, կամ քաղաքից բերել տված ալյուրը ծախվում եյին սարսափելի գներով ու փողերը սարսափելի տոկոսիքով տրվում։


Այս այն ժամանակն եր, յերբ հարուստը հարստանում եր, աղքատը աղքատանում, խեղճանում, վոտի տակ ընկնում։ Աշխատանքի դուռ չկար, բան ու գործ չկար, աշխատության վարձն ել ամենաչնչինի հասած։ Շատերը աղաչում եյին՝ հացափորի միայն ծառայելու, շատերը գրավ եյին դնում ինչ վոր ունեյին ու մի կերպ ապրում եյին, ու մարդի հավատ չի գալիս, թե ինչպես եյին ապրում...


Որը բավականին հետ գնաց։ Կապտած յերկինքը պարզ եր. ոդը թեև ցուրտ, բայց հանդարտ: Անզոր արեգակը զուր աշխատում եր կենդանացնել մեռած բնությունը, բայց նրա լույսը ու տաքությունը ել կյանք չեյին տալիս...


— Դենը գնանք, դենը գնանք, — ժտեց մանուկը։


Գնանք,— համաձայնվեց պապը։


Ու պապն ու թոռը կիսամերկ, սոված, ձեռք ձեռքի տված սկսեցին քաշանալ խլրտելով դեպի գյուղամեջը, դեպի կրպակը, գինետունը — կյանքի կենտրոնը գյուղական հարուստների։ Այնտեղից զուռնի զիլ ձայնը ու թմբուկի դմփոցը նրանց եր հասնում, թովում նրանց, քարշում նրանց։


— Ա պապ,— ասեց թոռը միքիչ առնելով.— տես վոնց են կլկլացնում, հուռա տալիս այնտեղ...


«Այդ հարուստներն են բարեկենդանի տալիս կրպակում»,- փսփսաց պապը։


— Նրանք սոված չեն, նրանք մրսում չեն,— բացատրեց թոռը, — գնանք մի պատառ հաց ուզենք, գնանք...