Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/674

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գալոն մնացել ե մոլորված՝ կանգեած։ Ի՞նչ աներ. յերեք որից հետո նա իր հանգուցյալ հոր քառասունքը պիտի կատարել տար. նա առաջուց արդեն ամեն պատրաստություն տեսել եր, այնպես վոր ինքը վոչ մի կերպ չեր կարող մինչև ավագ հինգշաբթի որը գյուղից հեռանալ, իսկ Ջոմարդին ոտարի խնամքին հանձնելը, ամանաթ տալը հեշտ չեր, այդպիսի բան Գալոն իր կյանքում յերբեք արած չուներ։Բայց Կոստանդ աղայի հրամանը չկատարելը, նրա խոսք կոտրելն ել հեշտ չեր։ Գալոն վախենում եր։

— Ուրեմն, չե՞ս տալիս։


— Ի՞նչ ասեմ, ախպեր, յեթե իմ կամքիս լիներ, չեյի տա...


— Ուրեմն գիտես, վոր քո կամքից չի կախված։ Եհ, վողորմի հորդ. ել խոսելն ավելորդ ե։


Գալոն լուռ եր և սգավորի պես տխուր։


—Դե՛հ, յես գնում եմ, Գալո. դու յել ձիուդ կշտացրու, վոր լուսադեմին գամ տանեմ։


— Արի՛ ի՞նչ անեմ,—ակամա մրմնջաց Գալոն, ապա կրկին հոգոց քաշեց ու ներս մտավ։

4


Զատիկ շաբաթ որը արևը արդեն մերեմեր եր յերբ Կոստանդ աղան քաղաքից վերադառնալով, հասել եր ճանապարհի ամենավտանգավոր ձորերից մեկին, ըստ յերևութին, ձիավորը ամեն ջանք գործ եր դրել,վոր կարողանա որ ցնրեկով անցնել այդ յերկյուղալի տեղից։ Ջոմարդը,վորը մինչև այդ իր սաղրու վրա չեր փորձել անգամ ճիպոտի ազդեցությունը, այժմ գալարվում եր նստողի մտրակի ուժգին հարվածներից և ամբողջ մարմնով քափ ու քրտինքի մեջ կորած,աչքերը արյունակալած, բոլոը թափով սլանում եր ձորի քարքարոտ ու զառիվայր ճանապարհով։ Կոստանդ աղայի սիրտը յերկյուղից սաստիկ թրթռում եր. նա ձախ ձեռով ամուր բռնել եր ձիու սանձը, իսկ աջով մերթ գրպանի վոսկու տոպրակն եր ամրացնում, մերթ նրա մոտ կախված ատրճանակի փղոսկրյա կոթն եր սեղմում և ատամները կրճտացնելով սպառնում քարափների հետև թագնված յերևակայական ավազակներին։


Վերջապես նա ձորից դուրս յեկավ, և նրա սրտի թրթռոցը փոքր ինչ մեղմացավ։ Մնացած ճանապարհը արդեն անվտանգ եր։ «Եհ, փառք աստուծո» անցավ աղայի մտքով, և նա ձեռով շոյեց կրծքի ձախ մասը, վորտեղ ուղիղ սրտի վրա կարված գաղտնի գրպանում պահված եր թղթադրամների հաստ կապոցը։ Մտրակի հարվածները միքանի րոպե դադարեցին, և հոգնած Ջոմարդը փոքր առ փոքր քայլերը մեղմացրեց։