Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/683

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տանուտերն արագությամբ յերեսը շուռ տվեց ու մի կատաղի հայացք գցեց չորս կողմն, աշխատելով գտնել հանդուգն ընգդիմախոսին։ Բայց նրա հարցական հայացքին իբրև պատասխան լսվեցին ամբոխի զանազան ծայրերից կեղծ հազի զսպված ձայներ։


Այդ միջոցին Սիմոնը դողդոջուն սրտով՝ գզրին հետևելով,մոտենում եր գյուղացիների կազմած շրջանին:


— Տատմոր տղին բերեք տանուտեր աղա, — ասաց գզիր Գևոն, Սիմոնի թևից քաշելով ու տանուտերին մոտեցնելով։


Տանուտեր Սեփանը, վոր այդ ժամանակ բարկությունից պռոշներն եր կրծոտում, կարմրատակած խոշորի այրող հայացքը մեխեց ու ղիղ Սիմոնի ճակատին և իր վորոտացող ձայնով հարցրեց.


—Ա՜յ անամոթ, շան վորդի,ինչո՞ւ չես հարկդ տալիս:


Տանուտերի աչքերի վայրենի ցոլն անմիջապես շփոթեցրեց Սիմոնին, վոր մեքենաբար իր մորթե փափախը հոնքերի վրա իջեցրեց, աշխատելով պաշտպանել իր մանր ու սև աչքերը տանուտերի հալեցնող հայացքից։ Սիմոնը մինչև անգամ չհասկացավ, թե ինչ հարցրին իրան, ու չգիտեր ինչ պատասխաներ։ Նա սաստիկ անհարմար դրության մեջ գտնելով ինքն իրան , նախ մի փոքր կարմրեց, ապա ուսերը վեր քաշեց ու սկսեց ծոծրակը քորել։


- Խլացե՞լ ես, թե՞ պապանձվել, իշի քուռակ,— ավելի բարձր ձայնով գոռաց տանուտերը,—ինչո՞ւ չես հարկդ տալիս,լի՛րբ,լրբի զավակ։


Այդ խոսքերի հետ նա թևրերը վեր քաշեց ու կարմիր ճիպոտը բարձրացնելով, հարձակվեց անպաշտպան զոհի վրա։ Միքանի րոպե լռեց ամեն ինչ։ Լսվում եր միայն կարմիր ճիպոտի անողորմ շրպշրպոցը,վորի ամեն մի հարվածին հաջորդում եր ամբոխի ցավակցական շշուկը՝ «ո՜ֆ»։


Լուռ եր և Սիմոնը. նա վո՛չ ճչում եր, վոչ փախչում, այլ մի տեսակ անմռունչ արհամարհանքով տանում եր անտեղի պատիժը։ Այդ սառն անտարբերությունն ավելի եր զայրացնում եր տանուտերին, և սա կրկնապատկում եր կարմիր ճիպոտի ուժը, վոր կարողանա անպատճառ մղկտացնել ու լացացնել Սիմոնին։ Սիմոնը միայն աշխատում եր ձեռքերով պաշտպանել իր խեղճ ու անբախտ գլուխը, իսկ նրա թիկունքն իր ամբողջ լայնությամբ բացված եր կարմիր ճիպոտի առջև, վորի ամեն մի հարվածը մի յերկար, կապուտակ շերտ եր դրոշմում այս բազմաչարչար թիկունքի վրա։


Վերջապես տանուտերը հասավ իր նպատակին. յերբ վոր կարմիր ճիպոտը քամում եր նրա սրտում լճացած թույնի վերջին մնացորդներն,այդ ժամանակ նա նկատեց, վոր Սիմոնի կոշտացած ու մազապատ դեմքի վրայով մի կաթիլ բյուրեղանման հեղուկ գլոր