Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/694

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ րոպեյին չուխի փեշը տիրոջ ձեռից դուրս պրծավ, գոգը քանդվեց, և խաս խմորի փխլիկ գնդերը ցեխոտ փողոցի գետնին թափվեցին...


Միկիտանչու. տռուզ դեմքը ամբողջովին սպրդնեց, և ճոթռված աչքերը կատաղությամբ փայլեցին։ Տանուտերը կուչ գալով կամաց֊ կամաց հետ քաշվեց։ Խեղճ Շամամը վախվխելով մոտեցավ, վոր աղտոտված նշխարքը ցեխի միջից հավաքի. չե՞ վոր դա սրբություն եր։


— Ի՞նչ ես անում, անզգամ,—բղավեց միկիտանչին ու զայրութից սկսեց ցեխի միջի խմորը կատաղությամբ տրորել և անդադար կրկնել,—ցեխին կտամ, շան բաժին կանեմ ու ձեզ չեմ թողնի, հաբա՜, չեմ թողնի:


— Մեղա աստծու, մեղա աստծու,— հազիվ լսելի ձայնով մրմնջացին միքանի յերկյուղած ծերունիներ, վոր աղմուկի ձայնից հավաքվել եյին,—խիղճդ մեռնի, մեղքում կորանք, ո՞վ ե տեսել, վոր նշխարքը ցեխերի մեջ տրորեն. մեղա քեզ, տեր, մեղա՜, մեղա՜։


—Ա՛յ ձեզ խմոր, այ ձեզ հաց.—մռնչում եր Մակարը, ամեն անգամ բիրտ վոտներով շարմաղ գունդը կոխելիս,—հիմա դուք շա՛ն պես սոված սատկեցեք։


Մանուկների վայնասունն ու Շամամի հեծկլտանքը քարերն եյին լացացնում, իսկ գյուղացիք տխո՜ւր հառաչում եյին։


— Ո՜ւֆ, ես ինչ ե, այ ժողովուրդ, վո՞ր աստվածը վեր կունի, —լսվեց բակից մի մռնչոց և մեկն արագ մոտեցավ այդ տխուր տեսարանին։ Դա Ավոն եր, բայց սպրդնա՜ծ, այլափոխված և աչքերի խնձորները իրենց բնից դուրս ցցված։


Գյուղացոց մեջ խուլ փսփսուկ տարածվեց, և բոլորի հայացքը դարձավ դեպի նորեկը։ Ավոն կանգնած տեղում մեխվեց և մի վայրկյան իր ճոթռված աչքերով տնտղեց Մակարի վոտի տակ կեղտ ու ցեխի մեջ շաղախված խմորը։


Մանուկների վայնասունն ու Շամամի հեծկլտանքը քարերն եյին լացացնում. իսկ Մակարը բիրտ վոտներով շարմաղ խմորն եր կոխրճում ու հետն ել զայրութով գոչում.

— Շան բաժին կանեմ, ցեխին կխառնեմ ու ձեզ չեմ թողնի. հաբա՜, չեմ թողնի. հիմա տնովի սոված սատկեցեք։


— Ո՜ւֆ, քար յերկինք, բա չե՞ս տեսնում, հանկարծ մռնչաց Ավոն և մի ծերունու ձեռից հաստագլուխ գավազանը խլելով, տարավ-բերեց և այնպիսի ուժգին հարված հասցրեց միկիտանչու գագաթին, վոր մահակը կոտրվեց:


Հետո Ավոն մի կատաղի վոստյունով հարձակվեց նրա վրա,