Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/742

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

* * *


մթին ձորերի ահավոր կիրճում
սիրել ե թանձր վառողի ամպեր.
ուր փայլակ-կայծակ մահ են շառաչում,
զրկել ե կայտառ սլաք ու շանթեր.
ընկերն ե յեղել մի հին հրացան,
իսկ անուշ յերգը՝ գնդակի բզզոց,
թշնամու ջարդը ահից ցիրուցան,—
հարան—տարանը և տուր ու դմփոց:
Թեև նա ծեր ե,ութսուն տարեկան,
բայց նրա նման չկա մի վորսկան.
աչքի լուսի պես դեռ զենք ե սիրում,
յերկնքի ծոցից ել վորս ե բերում.
դեռ հեծնում ե նա ձին արագավազ,
սև ամպերի հետ թողում սար ու ձոր,
դիտելով լուսնի սահը նազենազ,
հիշում իր թափած արյունը ծործոր.
անցնում ե ձգված անտառի խորքում
նեղ ոձապտույտ ժայռոտ կածանը,
վորից հոսում ե, առուն աղմկում
կամ թե դղրդում խուլ հրացանը,
ուր միշտ ծարավի թշնամու արյան՝
նա թափառելով գիշերը անահ,
մռայլը դեմքին դժոխքի նման՝
նամարդի համար պատրաստել ե մահ»...
Չիբուխի վրա կրակ դնելով,
աշուղը կտրեց իր յերգի թելը։


ՎՈՉԽԱՐԻ ԿԻԹԸ




Արևը չելած՝ սարվորն արթնացավ,
նորից ձորերում աղմուկ բարձրացավ,
նորից սայլի տակ ճռռոում ե ճամպան,
փռփռում հարսի քողն ու ղաթիպան.
դալար յուրդերը ամպերի տակին
աչքերը ձգած թուլվորի ճամպին՝
ժպտալով հակինթ ցողերով առատ,
կանչում են կարծես բույրով անարատ։
Կանաչի վրան ավթավան ձեռքին՝
կրոնասեր թուրքը չոքեց նամազի,
ձեռները զգուշ տանելով միրքին՝
աղոթք ե անում աստծուն մեկուսի:
Կեսոր ե արդեն. կանաչ Լալվարից
իջնում ե հանգիստ վոչխարը կթի.
կթվելով մաս-մաս, անցնում ե բերից,
լսվում ե անուշ փշջոցը կաթի: