Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/743

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

* * *


ովիվ, հովվուհի նստած շարքերով՝
կթում են ուրախ և անհոգ թնդում,
յերբեմն ել այրված անուշիկ յերգով
սեր են զարթեցնում մեկ-մեկի սրտում։
Վերջացավ արդեն վոչխարի կիթը,
կաթսաներ տարան թարմ կաթնով լիքը,
մեկն ել գդակը շարժելով ոդում,
դեռ գառնարածին՝ «յե՜կ, հեյ» ե կանչում.
յերկար չանցնելով, սարի գագաթին
գառների կայտառ հոտը յերևաց,
խառնվելով նրանք մայրերի հոտին,
բերկրանքի հույզով մայում են ցրված.
կանչում են, բայում գառն ու մաքին,
անուշ ձայներով փնտռում են միմյանց.
վորը գտնելով իրա գառնուկին,
ծծել ե տալիս, փայելով սրտանց.
վորը խաղում ե մոր հետ կուշտ փորով,
վորն ել մնում ե տխուր մայելով.
և ամեն անգամ գառը մեր տալիս,
կարծես թե անուշ համերգ են տալիս։
Բայց շուտ ջոկելով հայրերը գառնից,
հովիվը քշեց նրանց դեպ արոտ.
մհակն ել ուսին՝ գառները բինից
տարավ գառնարած սառն աղբյուրի մոտ։


ՋԱՀԵԼ ՍԱՐՎՈՐՆԵՐԸ




Հովիվ, գառնարած մի տեղ թմբվելով՝
լախտի յեն խաղում, առույգ թռչկոտում.
հրճվում են նրանց կայտառ խաղերով
ծերերը, ծածկված գառան մուշտակում.
ամեն մի նրանց ճարպիկ թռիչքով
հիշում են վաղուց կորած մանկություն,
շոյելով ճերմակ միրուքը ձեռքով,
կանչում են. «նամարդ, նամարդ ծերություն»:
Մեկն իր մուշտակը մի կողմն ե ձգում
և դիտմամբ խառնվում տղերանց խաղին,
մի լախտ ե խլում, վոլորում ձեռքում
և առիթ տալիս անվերջ ծիծաղին.
կանչում են. «Աթո, լախտը թռցրու,
մեր պապի մեջքը մի լավ տաքացրու»...
Մի տեղ ձիերը տրտնգի տալով,
փռըռացնում են, սարերը փախչում.
ջահել տղերքը քամանդ բռնելով,
նրանց հետևից սյուրագ են թռչում.