անմիջական բանաստեղծական հիշողություններ են կատարված դեպքերի: Դրանց հետ միաժամանակ և պատմվել են եղելությունները, և երգ ու զրույց միասին են ծագել:
Կոծի համար, անշուշտ, եղել են նաև հնավանդ երգեր, ընդհանուր բնավորությամբ, որոնք կրկնվում էին կոծերի ժամանակ. Այս ընդունելն անհրաժեշտ է, քանի որ եղել են արհեստով ողբասաց կանայք: Նրանք, ինչպես վերևում հիշվեց, կոչվում էին «ձայնարկուք», այլև «ձայնարկու կուսանք սևազգեսաք և աշխարող կանայք», որոնցից մեկը լինում էր «եղերամայր» կամ «մայր ողբոց» (տես նաև Խոր. Բ. 60): Գրիգոր Նարեկացին 10-րդ դարում այդ ողբասացներին կոչում է «բանահիւս [=բանաստեղծ] կանայք լալականք»[1]։ Մեռելի լացն ու կոծը («լալիք կոծոյ»), մեռելի կենսագրությունից առնված բանահյուսությամբ, այնքան մեծ դեր է կատարել հնումը, որ հարատևել է մինչև մեր օրերը: Մեր ժամանակներում անգամ «լալկան կանայք», հաճախ առանձին վարձատրությամբ, հրավիրվել են մեռելատուն և մեռելի ողբն արել բայաթիներ ասելով: Նույնիսկ վարձկան գուսանները շատ տեղերում կատարել են և դեռ կատարում են ողբասացների այդ հին դերը[2]: Նրանք ասում էին ավանդական երգեր, հարմարեցնելով դրանք նոր մեռելի վրա, կամ թե նոր երգեր էին հորինում մեռելի կյանքից՝ անելու համար նրա «գովքն», ինչպես և կոչվում է այդ երգը։
Պետք չէ կարծել, թե մեռելի կյանքից առած բոլոր երգերը ձայնարկուներն անպատրաստից են ասել: Այլ ինչպես կոծի հանդեսի համար աոաջուց պատրաստություն էին տեսնում, նույնպես և նրանք կարող էին նախապատրաստել իրենց «լալեաց բանաստեղեութիւնը», մանավանդ նշանավոր մեռելների համար, ինչպես են թագավորներն ու զորավարները: Այդպիսի բանաստեղծության մեջ արդեն՝ իրական պատմությունն առնվում էր ոչ միշտ ճշգրիտ հարազատությամբ, այլ դա հորինվում էր որոշ լուսաբանությամբ, քանի որ մեռելի «գովքն» էին անում, ուստի պետք է ամեն ինչ ծաղկեցնեին։
Թե ինչպես են եղել այդ երգերը, մենք այդ չգիտենք: Դրանցից ոչ մեկը չի հասել մեզ: Գրիգոր Նարեկացու վկայությամբ՝ այդ երգերը հորինվելիս են եղել հայրենի չափով։ Դրանք անպայման փոքր երգեր են եղել, կես քնարական ու կես վիպական, նման մեր ժամանակի լացի երգերին, ինչպես են 10-րդ դարի լացի անտունիները[3], որոնք նույն հայրենի չափով են և գալիս են մեծ մասամբ հին ժամանակներից ի վեր։ Երկատող տներով կամ բեյթերով հորինվածքն այնքան հատուկ է եղել այդ կարգի երգերին, որ «բայաթի» (բեյթեր, տներ) բառը ստացել է նաև «մեռելի ողբի երգ» նշանակությունը, մինչդեո այդ բաոով անվանվում են առհասարակ երկատող տներից—բեյթերից կազմված փոքր երգերը, ինչպես են մեր արդի ժողովրդական քառյակները։
188