աեղ է նրա տրագիկական վիճակը։ Այստեղ է և վեպի ֆեոդալական գաղափարախոսությունը:
3. Արտաշեսի ամուսնությունը և կենցաղական գծեր։—Այս կազմում է մի առանձին ճյուղ: Ինչպես «Սասնա Ծռերի» մեջ Դավթի ու Մսրամելիքի կռվից ու Դավթի հաղթությունից հետո՝ գալիս է Դավթի ամուսնությունը, նույնպես և Վիպասանքի մեջ՝ Արտաշեսի հաջողությունից հետո պատմվում է նրա ամուսնությունը։
Արտաշեսն զբաղված է Արտաշատ քաղաքը շինելով և զարդարելով (Բ․ 43)։ Այդ ժամանակ ալանները մտնում են Հայոց աշխարհն ավարելու։ Արտաշես թագավորը՝ զորքով քաջությամբ ելնում է նրանց դեմ։ Բռնում են ալանների արքայորդուն, ալանները քշվում են Կուր գետի մյուս ափը։ Ալանների թագավորը խաղաղություն է խնդրում, խոստանալով տալ Արտաշեսին, ինչ որ նա ուզի: Բայց Արտաշեսը չի համաձայնում արձակել թագավորի որդուն: Այն ժամանակ ալանների արքայադուստրը, եղբորն ազատելու համար, գալիս է գետափը մի մեծ դարավանդի վրա և թարգմանների միջոցով ձայնում է դեպի Արտաշեսի բանակը.
Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց.
Ե՛կ հաւանեաց բանից աչագեղոյ դստերս Ալանաց՝
Տալ ղպատանիդ.
Զի վասն մինու քինու ոչ է օրէն դիւցազանց՝
Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն,
Կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի պահել,
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։
Արտաշեսը տեսնելով Սաթինիկին գեղեցիկ ու խելոք հավանում է նրան, ցանկանում է նրան կնության տանել, և իր միտքը հայանում է Սմբատին։ Սա մարդ է ուղարկում ալանների մոտ հաշտվելու և օրիորդին ուզելու: Այն ժամանակ ալանների թագավորն ասում է․
Եւ ուստի՞ տացէ քաջն Արտաշէս
Հազարս ի հազարաց և բիւրս ի բիւրուց
Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս Ալանաց։
Աղջկա հայրն, ուրեմն, իր դուստրի համար մեծ գլխագին է պահանջում: Բայց Արտաշեսը ձին հեծած՝ սրաթև անցնում է գետով, պարանը ձգում է օրիորդի մեջքը և բերում նրան իր բանակը.
Հեձաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
Եւ հանեալ զոսկեօղ շիկափոկ պարանն,
Եւ անցեալ որպէս զարծուի սրաթև ընդ գետն,
Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Ընկէց ի մէջք օրիորդին Ալանաց։
54