Եվ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր:
Պատմական հիշողություն է ալանների պատերազմը, իսկ պատերազմների մեջ գերի բռնվելը շատ սովորական, ―մնացածը լոկ կենցաղական գծեր են, որոնց ամենայն վեպերի մեջ էլ կարող են մտնել և մտնում են։ Դրանցից մեկն է «ոսկեօղ, շիկափոկ պարանի» գործածությունը։ Պարանը մարտիկ ցեղերի մեջ շատ հնուց միշտ ծառայել է կենդանի որս-գազաններ և մարդիկ բռնելու համար։ Դեռ Հերոդոսը հիշում է պարանն իբրև իրանացոց զենք։ Ինչպես Հովսեպոսի Պատմությունից երևում է, մեր թ. 1-ին դարում հայերի հետ կռվող ալանները պարանն իբրև զենք գործ են ածել Հայոց թագավոր պարթև Տրդատի դեմ։ Մի անգամ որ պարանը կարևոր զենքերից մեկն է եղել հին ժամանակաշրջանում, բնականաբար դա կարող էր և հայոց Վիպասանքի մեջ մտնել, ինչպես և Շահնամայի մեջ սիրելի զենք է պարանը, նույնիսկ մինչև այժմ էլ մեր «Սասնա Ծռերի» մեջ ևս տեսնում ենք պարանը, որ մեր դարու զենք չէ հարկավ, այլ շատ հին ժամանակից է գալիս: Ոստանայ իշխանը «կապ էթալ, դՄհեր կապից, Մհեր ձիով ինկավ կապ»։ Դա հնության մնացորդ է, Արտաշես թագավորը պարանով բռնում, փախցնում է իր հարսնացու աղջկան։ Թե նախնական ազգերի մեջ կանայք որսի առարկա են եղել և արշավանքներ են գործվել բանի կերպով կին ձեռք բերելու համար՝ այդ հանրածանոթ է։ Դա հեռավոր հնության վայրենի կենցաղական գծերից մեկն է, որի հետքերը մինչև վերջերս դես երևում են ոչ միայն մեր հարսանեկան և ուրիշ երգերի մեջ, այլև նույնիսկ մեր կենցաղի մեջ։ Աղջիկ առևանգելու սովորությունը մինչև վերջերս դեռ չէր վերացած մեզանում։ Ուստի և շատ բնական է մեր «սիրողի երգի» մեջ կարդալ տղայի կողմից աղջկան ասած. «Ջիրինտ էնեմ վրադ կիդամ էլզարով (=արշավելով)»։ Այսպես և դեռ լսում ենք.
Փեսան կուգա սուրով զարով,
Մարդը շատ է՝ կառնե զառով։
Կամ հարս տանելու ժամանակ երգում են.
Աղբոր շիւշեն կոտրտեցին,
Քրոջ վալեն պատռտեցին։
Հարսի հափշտակությունը կամ առևանգումը պատմվում է շատ ազգերի վեպերի մեջ՝ սկսած Հոմերոսից մինչև ռուսաց վեպը և քրդական երգերը։ Ռուսաց Վլադիմիրն իր դիցազն Դունային ուղարկելով հարս բերելու, տալիս է նրան զինվորներ ու շատ ոսկի և ասում է. «Գնա այն քաջ Լիթովացոց աշխարհը և բարի խոսքերով աղջիկ ուզիր, բայց թե որ խաթրով չտան, կանգնիր զոռով առ»։ Ոսկին գլխագնի (վարձանք, բաշլըղ) համար է, իսկ զորքը՝ աղջիկը կռվով առնելու համար։ Հնագույն ժամանակների աղջիկ ուզելու այս երկու եղանակներից գլխագինը մի փոքր ավելի ուշ է երևան եկել, բայց երկու եղանակն էլ երկար ժամանակ շարունակ միասին գոյու-