Մաշտոցն իր եռանդուն բնավորությամբ կարող չէր մնալ մի տեղում: նա թույլտվություն ստանալով՝ իր բազմաթիվ օգնականների հետ գնում է հեթանոսների մեջ քարոզելու։ Նախ անցնում է Գողթն, իր առաջվա Դաստակերտը: Շաբաթ իշխանի և սրա որդի Գիտի օգնությամբ քարոզում է ավետարանն այդ գավառում, «է կարգէր յամենայն գիւզս գաւառին՝ դասս սըրոց վանականաց»:
Այնտեղից նա ելնում է սահմանակից Սյունիք, ուր գործում է նախ Վաղինակ, ապա Վասակ իշխանների օգնությամբ, «ժողովսւմ է մանուկներ ուսում տալու համար, սովորեցնում ու կրթում է այդ գազանամիտ, վայրենագույն, ճիվաղաբարո կողմերի, աղաներին, այնպես, որ հենց այն վայրենիներից եպիսկոպոս են կարգում Սյունիքի եկեղեցու համար», - գրում է Կորյունը: Այդ երկիրն էլ նա «լցնում է վանականների խմբերով»։ Այսպես նա շրջում է շատ կողմեր: Ամեն տեղ, ուր նա գնում է, սովորեցնում է հայերեն դպրություն և իր աշակերտներից մեկին վերակացու թողնում՝ գործը շարունակելու համար:
Նա հոգում է ոչ միայն հայկական դպրության համար, այլև վրացիների, հետագայում նաև աղվանների, որոնք կապված էին հայերի հետ: Նա իր առաջին շրջագայության ժամանակ հենց՝ իր աշակերտներից մի քանի լավագույններին հետն առած գնում է Վրաստան, ալփարետ հորինում վրացերեն լեզվի համար, թարգմանություններ անել տալիս: Այստեղ էլ նրանց թագավորն ու եպիսկոպոսն օգնում են Մաշտոցին. նրանք մանուկներ են ժողովում զանազան գավառներից և նրանց ուսում են տալիս: Դրանցից էլ հետագայում կարգվում են եպիսկոպոսներ: Այսպես շատ կողմեր շրջելով՝ ամեն տեղ նույն լուսավորական գործն է կատարում իր աշակերտների հետ և իր աշակերտներին վերակացու թողնելով՝ վերադառնում է Վաղարշապատ:
Երբ Արևելյան Հայաստանի բոլոր կողմերում սովորեցնում է և կրկին անգամ շրջում է իր կարգած տեղերը՝ աշակերտներին զորացնելու, «նորոգելու հաստատելու», «այնուհետև մտածում է, - գրում է Կորյունը, - հայոց կես ազգի համար, որ հոռոմների թագավորի իշխանության տակ էր»: Այնտեղ էլ պետք էր տարածել հայկական դպրությունը: Եվ Մաշտոցն անցնում է Արևմտյան Հայաստան: Այստեղ էլ աշխարհի եպիսկոպոսները, իշխանները և երկրի կուսակալը, Անատոլիս սպարապետը, պատվով ընդունում են նրան, բայց դպրոցներ բանալու գործը հեշտությամբ գլուխ չի գալիս: Արևելյան Հայաստանում կար հայոց թագավոր, որ ամեն կերպ օգնում էր այդ ազգային գործերին, իսկ Արևմտյան Հայաստանում երկրի այլազգի կառավարիչը թույլ չի տալիս հունարեն լեզվի փոխանակ հայերեն սովորեցնել:
Մաշտոցը ստիպված է լինում հետը տարած աշակերտների բազմությունը թողնել Մելիտինե քաղաքում և սակավաթիվ աշակերտներով գնալ Կոստանդնուպոլիս այդ գործը հարդարելու համար։ Այստեղ էլ նրան ընդունում են պատվով և պետական ծախքով առժամանակ պահում են, մինչև որ նա կարողանում է Թեոդոս Բ. կայսրին համոզել և նրանից հրաման ստանալ, որ հայերեն սովորեցնեն: Անտասլիս կուսակալը երբ ստանում է Մաշտոցի ձեռով բերված կայսերական հրամանը, իսկույն շտապում է կատարել այն: Կայսրի իշխանության տակ եղած հայկական գավառներից ժողովում