Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բազմաթիվ մանուկներ, նրանց ապրուստ են կարգում զանազան հարմարավոր տեղերում, ուր և սովորեցնում են նրանք հայկական դպրություն։ Դպրոցական գործն Արևմտյան Հայաստանում ևս աջողությամբ կատարելուց հետո՝ Մաշտոցն իր աշակերտներից երկուսին վերակացու է թողնում այնտեղ նույնն աոաջ տանելու համար, իսկ ինքը շատ աշակերտներով վերադառնում Վաղարշապատ, ներկայանում է կաթողիկոսին և Վռամշապուհի որդի Արտաշես թագավորին ու բոլոր բանակին:

Այնուհետև էլ Մաշտոցը հանգիստ չի մնում։ Նա գնում է Աղվանք, ուր նույն լուսավորական գործը կատարում է տեղի թագավորի և եպիսկոպոսի օգնութամբ։ Ժողովում են մանուկների բազմություն, զանազան հարմարավոր տեղերում դպրոցներ են կարգում և սովորեցնում Մաշտոցի հորինած աղվաներեն ալփաբետով: Նրանց Երեմիա եպիսկոպոսն էլ թարգմանում է Աստվածաշունչը: Այստեղ էլ հետո իր աշակերտներից մի քանիսին վերակացու կարգելով՝ անցնում է Գարդմանա ձորը, այստեղից էլ Տաշիրք, Վրաստան։ Ամեն տեղ էլ նույն գործը կատարելով՝ վերադառնում է Վաղարշապատ՝ իր «սովորական տեղը»:

Այստեղ այժմ աոանձին ուշադրություն են դարձնում հայ գրականությունը ճոխացնելու։ «Եւ այնպէս զամենայն ժամանակս իւրեանց` յընթերցուածս գրոց ծախէին հարքն զտիւ և զգիշեր, և նովիմբ ծաղկեալք և շահաւետեալք` օրինակ բարեաց ուսումնասէր առընթերակայից լինէին»:

Մաշտոցն Արևմտյան Հայաստանում «բազում շնորհագիր մատեանս» զհարցն եկեղեցւոյ ստացեալ՝ ծովացուցանէր զվարդապետութեանն խորութիւն և լցեալ զեղոյր ամենայն բարութեամբ»: Այժմ էլ նա սկսում է ճառս յաճախագոյնս, դիւրապատումս, շնորհագիրս, բազմադիմի…յօրինել»: Այդ ճաոերը մնում են «Յաճախապատում ճառք» անունով: Բացի դրանից՝ Մաշտոցը գրել և բոլոր գավառներն ուղարկել է շատ խրատական և սովորեցնող թղթեր, «բազում թուղթս խրատագիրս և զգացուցիչս ընդ ամենայն գաւառս առաքէր»:

«Եվ այսպես Հայաստանի, Վրաստանի և Աղվանքի բոլոր կողմերում, իր ամբողջ կյանքի ընթացքում, ամառ ու ձմեռ, գիշեր ու ցերեկ անվեհեր և առանց բնավ հապաղելու» սովորեցրեց այդ մեծ ուսուցիչը, 45 տարի շարունակ աշխատեց այդ լուսավորական գործի համար, իսկ հայկական դպրության համար՝ 35 տարի: Նրա հետ աշխատում էր և Սահակ կաթողիկոսը:

Երկուսն էլ հասնում են խորին ծերության։ Սահակը վախճանվում է Բագրևանդի Բլրոցաց գյուղում 439 թ. նավասարդ ամսի 30-ին (սեպտեմբերի 7—ին) և մեծ հանդեսով տարվում, թաղվում է Տարոնի Աշտիշատ գյուղում: Մինչև վերջերս էլ դեռ կար նրա գերեզմանը:

Մաշտոցը վախճանվում է 440 թ. մեհեկան ամսի 13-ին (փետրվարի 17-ին) Վաղարշապատում, շրջապատված իր սիրելի աշակերտներով: Նրան էլ մեծ հանդեսով և ժողովրդի բազմությամբ տանում, թաղում են Օշական գյուղում: Նրա գերեզմանը մնում է մինչև այժմ Օշականի եկեղեցու սեղանի տակի խորանում և եղել է ժողովրդի համար մի սրբատեղի` «Թարգմանչի գերեզման» անունով: