Վերջապես, իր «գրելիք»-ում (1943—44 թ․ թ.) Աբեղյանը տվյալ շրջանը կոչում է «Գրականության նորոգումը 17—19-րդ դարերում» («17—19-րդ դարեր» ասելով Աբեղյանը հասկացել է 1600—1830 ժամանակահատվածը, ինչպես այդ նշված է մի քանի տեղ սևագրում)։
Ինստիտուտը գերադասեց պահել վերջին ձևակերպումը։
Այս շրջանի սկզբնական մասի «Ներածություն» վերնագիրը տրված է մեր կողմից։
9. «Գրելիքի» երկրորդ վարիանտում «Տաղասացություն» բաժնում իբրև չորրորդ գլուխ նշված է «Անանուններ» թեման:
Ինչպես ասված է առաջաբանիս երկրորդ կետում, Աբեղյանի թղթերի մեջ գտվեց մի ձեռագիր տետրակ, որի առաջին մասը ունի «Անանուն տաղեր» վերնագիրը, իսկ երկրորդը՝ «Առաքել Բաղիշեցի»:
Քանի որ տվյալ նյութը ավարտված և վերջնական մշակման ենթարկված չէ հեղինակի կողմից, այն տրված է հավելվածների բաժնում (5-րդ հավելված):
10. «Գրելիքի» մեջ հաստատուն և «Վիպական գրականություն» ու «Քնարերգուներ» բաժիններին միանգամայն հավասար տեղ է գրավում «Գուսանական երգեր-հայրեններ» բաժինը:
Գուսանական երգերի մասին, ինչպես հայտնի է, Մ. Աբեղյանը ունի ընդարձակ մի հետազոտություն, որ տպագրվել է «ՀՍԽՀ Պետական Համալսարանի գիտական տեղեկագրում» (NN 2-3, 4 և 6, 1927-30 թ. թ.) ապա հրապարակվել առանձին (1931):
Իր այս հետազոտության մեջ Մ. Աբեղյանը ժխտում է Քուչակ Նահապետի հեղինակ լինելը նրան՝ Տևկանցի («Հայերգ», Թիֆլիս, 1882) ու հետագայում մի շաք այլ բանասերների կողմից վերագրված սիրո երգերի նկատմամբ և ընդունում այդ երգերը իբրև գուսանական ժողովրդական, անանուն երգեր: Միաժամանակ Մ. Աբեղյանը ասում է, որ 16-րդ դարի սկզբին իսկապես, գոյություն է ունեցել Քուչակ Նահապետ անունով աշուղ, որին, սակայն, պատկանել են միանգամայն այլ տիպի ու բովանդակության երգեր:
Իր հետազոտության ամփոփումը, իբրև «Ներածություն», Մ. Աբեղյանը հետագայում զետեղել է 1940 թ. ՍՍՌՄ-ի Գիտությունների Ակադեմիայի Հայկական Ֆիլիալի Գրականության և Լեզվի Ինստիտուտի հրատարակությամբ լույս տեած իր «Գուսանական ժողովրդական տաղեր» ժողովածուի մեջ: Մի տարի անց, 1941 թ. «Վերածնությունը հայոց հին գրականության մեջ» հոդվածում Մ. Աբեղյանը կրկնեց իր այդ տեսակետը («Տեղեկագիր ՍՍՌՄ Գիտ. Ակադեմիայի Հայկական ֆիլիալի», 1941, N 5-6, էջ 103, ծանոթություն):
Մ. Աբեղյանը մինչև կյանքի վերջը չփոխեց իր տեսակետը Քուչակ Նահապետի մասին: Պարզ է միանգամայն, որ եթե նրան վիճակվեր իրագործել իր միտքը՝ «Հայոց հին գրականության պատմության» 2-րդ հատորում հատուկ գլուխ նվիրել գուսանական տաղերին, ապա այս նա պիտի աներ միանգամայն հավատարիմ իր 1931 թ. հրատարակած հետազոտության սկզբունքներին:
Այդ իսկ պատճառով, Ինստիտուտը, ցանկանալով գաղափար տալ ընթերցողին