Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 2.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ նույնիսկ մրցում էր ֆեոդալների հետ։ Սոցիալ-քաղաքական կառուցվածքի, հասարակակարգի փոխվելով փոխվում է և հասարակական պսիխիկան, իրավունքի հասկացությունը, ապա և գա­ղափարախոսությունը կրոնի, մորալի-բարոյականության, արվեստի ու գրականության վերաբերյալ` նախորդ շրջանի գաղափարախոսությանը հակադիր: Հետզհետե իշխանության և «իրավունքի աղբյուրը» ռազմիկ ֆեոդալներից անցնում է «խաղաղ առևտրի վրա»։ Ստեղծվում է դեմոկ­րատիկ հոսանք ընդդեմ ֆեոդալական հասարակակարգի։ Անիում, հա­վանորեն և այլ քաղաքներում, «առաջ է գալիս քաղաքային ինքնավար կյանք, քաղաքային ինքնավարություն, քաղաքային ավագների գլխա­վորությամբ և օրենսդրական իշխանությամբ քաղաքի սահմաններում»:[1] «Ավագների խորհուրդը վարում էր քաղաքի բոլոր գործերը»: Դրա «ծագ­ման մասին տակավին չկան տեղեկություններ, համենայն դեպս՝ դա գոյություն է ունեցել Անիում Շեդդադիդների, վրացի կուսակալների և Զաքարյանների օրով»։[2] Եվ որ գլխավորն է՝ Անու կյանքը կանանց սոցիա­լապես հավասարեցրել էր տղամարդկանց հետ. «Անեցի կանայք անարգել ունեին տղամարդկանց քաղաքացական իրավունքները»:[3] Նրանք էլ հերոսաբար պաշտպանել են իրենց քաղաքն ընդդեմ թշնամիների, ինչպես 1124 թ. Այծյամն (Այծեմնիկ) անունով քաղաքացուհին, որ «առնա­ցի ստացեալ սիրտ», քաղաքի պարսպի վրա դիմադրել է պաշարողնե­րին, «առ ոչինչ համարեալ զխոցուածս նետիցն զոր վիրաւորէին արտա­քուստ»։[4] Այծեմնիկն իհարկե մենակ չի եղել կանանցից։

Կուտակված հարստությունը գործադրվում էր ամենից առաջ քաղա­քային շինարարության վրա. քաղաքները ոչ միայն պարիսպներով ամ­րացվում էին արտաքին թշնամիներից պաշտպանվելու համար, այլև զարդարվում էին բազմաթիվ հոյակապ եկեղեցիներով ու պալատներով։ Ա. Լաստիվերտցին[5] անպարիսպ Արծն քաղաքի համար գրում է. «վաճա­ռականք սորա փառաւորք», «վաճառականք՝ եկեղեցւոյ շինողք և զարդարիչք»։ Ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք մասնակից էին լինում շինարարության գործին, նույնիսկ քաղաքի աշտարակների։ Ազնվանում է մարդկանց ճաշակն ու պահանջը. ձգտում էին ամեն ինչ, և՛ եկեղեցինե­րը, և՛ աշխարհիկ շենքերը, նույնիսկ պարիսպներն ու աշտարակները, գե­ղեցկացնել որևէ կերպ։ Եկեղեցիները զարդարում էին քանդակներով, ֆրեսկներով ու նկարներով։ Զարդարանքներով պճնվում էին և իշխանա­կան պալատները և այլ շինությունների ֆասադները:[6]

Մյուս կողմից քաղաքներում ստեղծվում են բարեկեցիկ կյանքի պայմաններ։ Անիում, անշուշտ նաև մյուս վաճառաշահ քաղաքներում, շինվում են քարվանսարաներ, որոնք անհրաժեշտ էին դրսից եկած առևտրականներին

  1. Н. Марр, Ани, էջ 35:
  2. И. Орбели, Развалины, էջ 26
  3. Н. Марр, Ани, էջ 41:
  4. Սամուէլ Անեցւոյ, Հավաքունք ի գրոց, պատմագրաց, Վաղարշապատ, 1893, էջ 194 և հտ:
  5. Ա․ Լաստի․, Պատմութիւն, էջ 78 և հտ․:
  6. И. Орбели, Развалины, էջ 29—31: