Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որով և 5-րդ դարում արդեն առաջանում է հայկական թարգմանական ճոխ գրականությունը: Իր այս ուղղությունը հայկական հին գրականությունը շարունակում է պահել հին հայերենով և հետագա դարերում, երբեմն ուժեղ, երբեմն թուլացած կամ ժամանակավոր կերպով դադար առած, կարելի է ասել, մինչև 19-րդ դարը, մինչև նույնիսկ այդ դարի կեսերը։ Դրանով ընդարձակվում է հայ գրագետների ու գրողների մտավոր հորիզոնը, նրանք սահմանափակված չեն մնում հայրենականի մեջ, այլ շարունակ հաղորդակից են դառնում արևմտյան քրիստոնյա աշխարհին, երկար ժամանակ նաև ասորականին, ձեռք են բերում նոր հասկացություններ և նոր աշխարհայեցություն։ Այդ նպաստում է բնականաբար հայ կուլտուրայի զարգացմանն և ազգային ինքնագիտակցություն առաջ բերելուն։

Այժմ դժվար է ճիշտ որոշել, թե ե՛րբ և ո՛րքան թարգմանություններ են արել մեր գրականության առաջին դարերում։ Դրանց մեծ մասի ժամանակն ու թարգմանիչներն անհայտ են։ Շատ բան կորած է, կլինեն երկեր էլ, որ դեռ երևան չեն եկել։ Բայց ինչ որ մինչև այժմ մնում է և հայտնի է, դա էլ ցույց է տալիս, որ հին թարգմանական գրականությունը շատ հարուստ և բազմակողմանի է եղել։

Քանի որ գրականությունն առաջ էր բերված որոշ եկեղեցական նպատակի համար, բնականաբար մեր հին թարգմանական գրականության մեջ չպիտի որոնենք հին հունական կլասիկ գրականության գրվածքներ և ոչ էլ բիզանդական աշխարհիկ գրականության շատ երկեր։ Թարգմանված են շատ կրոնա-եկեղեցական գրվածքներ։ Կարելի է ասել, որ ժամանակի եկեղեցական գրական տեսակներից և Կոստանդնոլպոլսի դպրոցում գործածած ձեռնարկներից ոչ մի նշանավոր երկ չեն թողել, որ չթարգմանեն 5-րդ, 6-րդ և հաջորդ դարերում։

Ի՞նչ էր ներկայացնում ընդհանուր եկեղեցական գրականությունը 5-րդ դարի սկիզբներում։— Դա ծնված էր եկեղեցու գործնական կարիքների համար. ուստի մի կողմ թողած եկեղեցու պաշտամունքի ժամանակ անհրաժեշտ նոր աղոթքներն ու նոր երգերը, որ երգում էին սաղմոսներից հետո, սկզբնական գրություններն են թուղթն ու կանոնը։ Նոր Կտակարանի մեջ արդեն կան առաքյալների անունով թղթեր. նրանցից հետո՝ այսպես կոչված առաքելական հայրերը, որ են՝ քրիստոնեության ականավոր ներկայացուցիչներն 1-ին դարի վերջերում և 2-րդ դարի սկիզբներում, թողած ունեն նույնպիսի թղթեր։ Այսպիսով հենց սկզբից «թուղթը», այսինքն նամականին, դառնում է եկեղեցական գրականության մի կարևոր տեսակը, որով եկեղեցու հայրերը բարոյական խրատներ ու բացատրություններ էին տալիս ժամանակակիցներին հետաքրքրող զանազան եկեղեցա-կրոնական խնդիրների մասին և հարաբերություն պահպանում միմյանց ու համայնքների հետ։ Հնումն շատ ծանոթ են եղել Անտիոքի եպիսկոպոս Իգնատիոս Աստվածազգյացի խրախուսական թղթերը, ինչպես և Զմիռնիայի եպիսկոպոս Պողիկարպոսինը։ Մնում են նրանց թղթերի հին հայերեն թարգմանությունները։ Եկեղեցու հայրերը թղթերի