Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ս․ Գիրքն էր, իսկ սրանից օգտվելու եղանակը՝ այլաբանական բացատրությունը կամ մեկնաբանությունը: Հույն փիլիսոփաները մեր թվականությունից առաջ արդեն սկսել էին այդ եղանակը գործադրել իրենց հին կրոնական առասպելների վրա և այն պարզ պատմվածքների մեջ տեսնել խորին մտքեր: Նրանք միաժամանակ առասպելներից վերացնում էին կրոնական տեսակետով կոպիտ, գայթակղեցուցիչ մասերը, որոնց այլևս չէին հավատում բարձր բարոյական գիտակցության հասած մարդիկ: Այդպիսով նրանք հին առասպելներն ու բանաստեղծության գլուխ-գործոց երկերը փրկում էին անխուսափելի կորստից: Քրիստոնեությունից առաջ արդեն Փիլոն Եբրայեցին (ծն. մոտ 30 թ. մ. թ. ա., մեռ. մոտ 45 թ. մ. թ.) նույն այլաբանական բացատրությունը գործադրել էր Հին Կտակարանի վրա: Նույնպես շարունակում են վարվել և քրիստոնյաները, Ս. Գրքի պարզ խոսքերի տակ վերացական գաղափարներ որոնելով, նրանց մեջ կանխասություններ գտնելով, կամ հենց լոկ,- դժվարություններից խուսափելու համար, որպեսզի հավատացյալների կրոնական զգացմունքները չվիրավորվեն,- այդ գրքի բովանդակությունը ժամանակակից հասկացության և հայացքների համեմատ դարձնելու նպատակով: Այլաբանական մեկնության հետ միաժամանակ գործադրում էին նաև մթին, դժվար հասկանալի կտորների բառական բացատրությունը: Հետագայում, սակայն, շատ սիրելի է դառնում այլաբանական մեկնությունը, և այդ անհրաժեշտ է համարվում հաճախ նույնիսկ անձնական նրբամտությունը ցույց տալու համար: Այսպիսով առաջ են գալիս և կուտակվում մեկնությունները: Մեր գրականության սկզբում հենց Սահակ կաթողիկոսն ու Եզնիկ Կողբացին թարգմանել են Ս. Գրքի շատ մեկնություններ: Եվ այդպիսի երկերի թարգմանություններով էլ շատ հարուստ է մեր հին գրականությունը: Թարգմանված և սիրված են եղել հենց Փիլոն Եբրայեցու բազմաթիվ աշխատությունները, որոնց մի քանիսի հունարեն բնագիրները կորած են:

Այդ մեկնություններով, ինչպես վերևում ասվեց, պարզվում են եկեղեցու սկզբունքները, առաջ է գալիս քրիստոնեական աստվածաբանությունը, որոշվում է դավանանքը, որ հաստատվում է առաջին երեք տիեզերական ժողովներով: Բայց վեճերն ու կռիվներն այդ մասին չեն դադարում, ուստի և զարգանում է մի հարուստ գրականություն տեսական-դավանաբանական բնավորությամբ՝ ժամանակի փիլիսոփայությունն իմացող կարող անձերի, «եկեղեցու հայրերի» ձեռով: Դա «սուրբ հարց» կամ պատրիստական, հայրաբանական գրականությունն է, որից նույնպես ունենք շատ թարգմանություններ:

Այս գրական տեսակների վրա պետք է ավելացնել փիլիսոփայական, ճարտասանական և քերականական գրվածքները, այլև պատմությունը, առանձնապես Եվսեբեոս Կեսարացու «Քրոնիկոնը» և «Եկեղեցական պատմությունը», որոնք երկուսն էլ հնուց թարգմանված են հայերեն: Երկրորդը, ըստ Մովսես Խորենացու վկայության, թարգմանել է տվել