Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մաշտոցը, և պարզվում է, որ այդ գիրքը թարգմանված է 416—420 թվականների մեջ[1]։

Պատմական գրվածքների կարգին են պատկանում նաև վկայաբանությունները, որոնք քրիստոնեական հավատի համար չարչարվածների և սպանվածների նահատակության պատմություններ են, ինչպես և սրբախոսություններն ու վարքաբանությունները— «սրբերի» կենսագրությունները: Դրանք սահմանված են եղել բոլոր հավատացյալների ընթերցանության համար և կարդացվում էին նույնիսկ եկեղեցում: Այսպիսի երկերի հիմնական մասն է միայն պատմական։ Սրբի կյանքի իրական եղելություններից առնվում էր միայն այն, ինչ որ համապատասխան էր վարքագրի նպատակին, մնացածը քերդողական ստեղծագործություն էր: Նպատակն էր տարածել և հետաքրքրություն առաջացնելով յուրացնել տալ եկեղեցու գաղափարները։ Հեղինակներն աշխատում էին ընթերցողների մեջ բարեպաշտություն զարթեցնել, ձգտում էին իրենց գրվածքների իդեալականացրած հերոսներով կենդանի օրինակներ առաջ բերելու՝ ըստ քրիստոնեական աշխարհայեցության առաքինի կյանքի, ճգնավորական անձնուրացության և աշխարհուրացության։ 4-րդ դարում արդեն Բիզանդիայում կազմվել էր այս տեսակի պատմվածքի համար մի ընդհանուր շաբլոն ըստ բովանդակության և ըստ ձևի և հերոսների մի ընդհանուր տիպար։ Ունկնդիրների կամ ընթերցասերի վրա ազդելու համար՝ գրվածքները լցնում էին չափազանցություններով ու հրաշալիքներով, հերոսների ներբողներով։ Այս տեսակը շատ սիրված է եղել և հայերի մեջ. ունենք շատ թարգմանություններ, որոնց մի մասը հին է, մյուս մասն ավելի ուշ դարերի է։ Կան և այնպիսիները, որոնք երկու անգամ են թարգմանված, և երկու թարգմանություններն էլ մնում են։ Հին թարգմանություն է, օրինակ, «Վարք Պաւղոսի Անապատականի», որով սկսվում է հին ժողովածուն. ապա երկրորդ տեղը բռնում է շատ հայտնի «Վարք երանելոյն Անտոնի Եգիպտացւոյ միայնակեցի, թուղթ Աթանասի»[2], որ է Աթանաս Մեծն Աղեքսանդրացի։ Սրա երկերից մնում են ուրիշ բազմաթիվ թարգմանություններ ևս զանազան բովանդակությամբ: Մենք հետո էլ կվերադառնանք այս սրբախոսական տեսակին։

Ահա վերևում բերված դրական տեսակներով հարուստ եկեղեցական գրականությունը կար 5-րդ դարի սկզբում մեր առաջին թարգմանիչների առաջ, որոնք և աշխատում են այն թարգմանելով փոխադրել իրենց հայրենիքը։ Նրանց և նրանց հաջորդների թարգմանությունների մեջ, ինչպես տեսանք, գտնում ենք՝ թղթեր, կանոններ, ճառեր, ջատագովություններ, մեկնություններ, աղոթքներ ու հոգևոր երգեր, վկայաբանություններ, դավանաբանական ու պատմական գրվածքներ, ինչպես և ճարտասանական,

  1. «Շողակաթ», Ս. Էջմիածնի հայագիտական ժողովածու, Վաղարշապաա, 1913, էջ 154 և հտն. «Հայ մատենագրության հնագույն թվականները», Գալուստ Տեր-Մկրտչյանի:
  2. «Վարք սրբոց հարանց և քաղաքավարութիւնք նոցին ըստ կրկին թարգմանութեան նախնեաց», հատոր առաջին և հատոր երկրորդ, Վենետիկ, 1855։