Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փիլիսոփայական, քերականական և այլ բովանդակությամբ աշխատություններ զանազան հեղինակների[1]: Կան թարգմանություններ, որոնց բնագիրը կորած է. ուստի և այդպիսիների հայերեններն ստանում են առանձին արժեք:

4. Տարբեր գրական հոսանքներ կամ դպրոցներ ըստ լեզվի։— Մինչև այժմ դեռ հնարավոր չի եղել ոչ միայն թարգմանական, այլև ընդհանրապես հայ գրական կյանքի ընթացքը ճշտությամբ որոշել: Բայց և այնպես առհասարակ վաղուց ի վեր ընդունում են, որ հնումն եղել են առանձին գրական հոսանքներ կամ դպրոցներ, որոնք իրարուց տարբերվում են իրենց մտածողության եղանակով և ոճով։

Օտարաբանության նկատմամբ պետք է զանազանել հետևյալ խմբերը։ Մի շարք գրական հիշատակարաններ, լինեն ինքնուրույն թե ասորերենից կամ հունարենից թարգմանված, աչքի են ընկնում բոլորովին մաքուր հայկաբանությամբ, երբեմն շատ կանոնավոր պարզ ու հստակ ոճով, երբեմն էլ զարդարուն ու պերճ լեզվով, կամ անկանոն և լի ավելորդաբանոլթյուններով։ Ուրիշ խումբ թարգմանություններ, ինչպես Եվսեբեոսի «Եկեղեցական պատմությունը», գրված են ընդհանրապես հարթ և պարզ հայկաբանությամբ, բայց հաճախ նյութապես թարգմանում են ասորերենը՝ օտարանալով հայ լեզվի ոգուց[2]։ Կան և այնպիսի երկեր, ինքնուրույն թե թարգմանական, որոնք ընդհանրապես «ընտիր» հայերենով են, բայց ունեն սակավաթիվ ազդեցություններ հունարենից։ Եվ վերջապես՝ կան բազմաթիվ երկեր ևս,— ճարտասանական, փիլիսոփայական, քերականական ու դավանաբանական բովանդակությամբ,— որոնց բնորոշ հատկությունն է խիստ հունաբանությունը։ Դրանց հեղինակները կամ թարգմանիչներն իրենց մտածողության եղանակով, ոճով ու լեզվով շատ հեռու են հայերենի էական հատկություններից. նրանք բառացի թարգմանում են հունարենից այս լեզվի շարահյուսությամբ և նորանոր բառեր բաղադրելով հունարենի նմանությամբ։

Ոչ միայն առանձին երկերի, այլև այս գրական դպրոցների ժամանակն ևս ճիշտ որոշված չէ։ Ընդհանրապես ընդունում են, որ առաջին երկու խմբերի գրվածքները (որ ուրիշները բաժանում են երեք կամ չորս

  1. Հովհան Ոսկեբերան, Բարսեղ Կեսարացի, Կյուրեղ Երուսաղեմացի, Եվսեբեոս Կեսարացի, Փիլոն Եբրայեցի, Աթանաս Մեծ, Արիստիդես Աթենացի, Իգնատիոս Աստվածազգյաց, Պողիկարպոս Զմիռնիայի եպիսկոպոս: Սրանց վրա ավելացնենք նաև՝ Գրիգոր Նյուսացի, Գրիգոր Սքանչելագործ, Իրենիոս եպիսկոպոս, Եփրեմ Ասորի, Կյուրեղ Աղեքսանդրացի, Հովհաննես Դամասկացի, Գրիգոր Նազիանզացի, Տիմոթեոո Կուզ, Սեբերիանոս Անտիոքա, Սևերիանոս Գաբաղու, Դիոնիս Արիոպագի, Ղեբուբնա, Ապողինար, Գրիգոր Աստվածաբան, Եպիփան Կիպրացի, Եվագր Պոնտացի, Նոննոս, Պրոկղոս, Արիստոտել, Պորփյուր, Թեովն, Ելիաս, Դիոնիսիոս Թրակացի, Սոկրատ Սքոլաստիկոս և ուրիշները: Տե՛ս նաև Գար. Զարբհանալյան, Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց (դար Դ—ԺԳ), Վենետիկ, 1889:
  2. Նորայր Բյուզանդացի, Կորիւն վարդապետ և նորին թարգմանութիւնք, Տփխիս, 1900, էջ 18: