Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պաշտպանվելու համար՝ իրենք էլ սովորում էին հակառակորդների ուսումն ու մեթոդները, նույնպես վարվելն անհրաժեշտ էր և հայ վարդապետների համար։ Դավանաբանական վեճերի հիմքը հաճախ մետաֆիզիկական կամ մտահայեցական խնդիրներ են եղել. կարելի չէր հակառակորդների դեմ ելնել պարզամիտ ձևերով, պետք էր այդ վեճերի իմաստի մեջ թափանցել և դրանց նրբություններն ըմբռնել։ Իսկ այդ հնարավոր չէր առանց որոշ իմաստասիրական ուսման ու որոշ հմտության։ Ուստի և ձգտում են յուրացնելու նաև այն ուսումն ու գիտությունը և գրական ու ճարտասանական եղանակները, որոնք ընդունված էին Բիզանդիայում։ Իսկ այնտեղ, Կոստանդնոլպոլսի դպրոցում (հիմնված 425 թ.), անհրաժեշտ էին համարում կրոնա-եկեղեցական ուսման հետ պարապել նաև փիլիսոփայությամբ, սովորում էին քերականության, վարժվում էին հռետորության ու քերդողության։ Կ. Պոլսում սովորող հայ ուսանողները ծանոթանում են նաև այդ ուսմանքներին և դրանց վերաբերյալ գրքերը թարգմանում հայերեն։

Սակայն սխալ կլինի կարծել, թե այդ թարգմանությունները հենց սկզբից սահմանված են եղել դավանաբանական վեճերի համար։ Սկզբում դրանց նպատակը եղել է ժամանակի հունական եկեղեցական ուսումն ու գիտությունն ամբողջովին փոխադրել Հայաստան և այստեղ պատվաստել հունական գիտությունը։ Եվ «հունասիրություն» ասածը, որի սկիզբը հենց Սահակն ու Մաշտոցն էին դրել, գրականության մեջ ավելի այս մտքով պետք է հասկանալ։ Հետզհետե այս հունասիրությունը, հունական գիտության սերը, ավելի զարգանում է 5-րդ դարի երկրորդ կեսից, երբ առաջ են գալիս մարդիկ «լի գիտութեամբ հայովս և առաւելեալ յունիւն», ինչպես եղել է Գյուտ կաթողիկոսը։

Հունական գիտության սերն անցնում է բնականաբար և հունական լեզվին. մարդիկ հափշտակվում են՝ նկատելով սրա մշակված լինելը համեմատությամբ հայերենի հետ, որ չուներ այն մեծ առավելությունները վերացական գաղափարներ արտահայտելու համար, ինչ որ հունարենը: Առաջին հերթին անպայման մտածում են ստեղծել հունարենի ձևով ճիշտ գիտական տերմիններ։ Այս անհրաժեշտ էր։ Բայց հունական լեզվի առաջ խոնարհումը 5-րդ դարի կեսերից տանում է դեպի չափազանցություն։ Արիստոտելի (Ճառք Արիստոտէլի Յաղագս տասն ստորոգութեանց» և «Յաղագս մեկնութեան»), Պորփյուրի («Ներածութիւն») և ուրիշ մեծ ուսուցիչների թարգմանությունների լեզուն այնքան բառացի հունաբան է, այնքան «հունարեն է հայերեն բառերով», որ դրանք դժվար է հասկանալ առանց հունարեն բնագրի. «ոչ միայն ամեն մի բառը, այլև նույնիսկ բարդ բառերի առանձին մասերն ստրկական ճշտությամբ են թարգմանված»։

Այսպիսի «նյութական» թարգմանության պատճառը սկզբում անշուշտ եղել է մասամբ նաև թարգմանիչների անվարժությունը և՛ հունարենին, և՛ հայերենին,— ինչպես նույնը տեսնում ենք և մեր օրերում այլ