Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լեզուներից թարգմանողների վերաբերմամբ,– բայց այդ եղել է նաև գիտակցաբար, որոշ նպատակով։ Կ. Պոլսի դպրոցում հների գրվածքները հասկանալի դարձնելու համար՝ դրանց մեկնություններն էին անում՝ հաճախ ձևականորեն, բառ առ բառ։ Եվ որովհետև մեկնություններն ևս թարգմանվում էին հայերեն, պետք է, ուրեմն, թյուրիմացություններից զերծ մնալու համար, մեծ հեղինակների մեկնելի երկերը բառացի թարգմանվեին հայերեն, «պահելով սկզբնագրի լեզվի բոլոր դժվարությունները, որոնք բացատրությունների առարկա են եղել»։ Այս է պատճառը, որ այդպիսի կարևոր երկերի թարգմանության լեզուն ավելի հունաբան է, քան դրանց՝ համեմատաբար պակաս կարևոր մեկնությունների թարգմանություններինը, որոնք համեմատաբար պարզ և հասկանալի են։ Դավանաբանական երկերն էլ ստրկորեն բառացի են թարգմանված՝ վիճաբանությանների ժամանակ թյուրիմացության տեղիք չտալու համար։

Այսպես խիստ հունաբան լեզվով թարգմանված են բացի դավանաբանական և փիլիսոփայական երկերից նաև ուրիշ գրքեր, ինչպես՝ «Պիտոյից գիրքը», որ ճարտասանական կանոնների ու վարժությունների համար հորինված մի աշխատություն է, և Դիոնիսիոս Թրակացու (2-րդ դարում մեր թ. ա.) քերականությունը, որ միայն ստուգաբանություն է, որ և մեծ ժողովրդականություն է վայելել և նույնպես շատ մեկնվել է։ Հայերի մեջ այս քերականությունը երկար դարերի ընթացքում դարձել է առարկա զանազան մեկնությունների, որոնք և կազմել են հայոց հին գրականության մեկ ճյուղը[1]:

Թե ե՛րբ են թարգմանվել Դիոնիսիոս Թրակացու քերականությունը, ինչպես և առհասարակ փիլիսոփայական ու ճարտասանական երկերը, այդ մասին կարծիքները տարբերվում են[2]։

6. Հունաբան թարգմանությունների խմբերը։— Վաղուց նկատված է, որ հունաբան դպրոցի որոշ հիշատակարաններ իրենց լեզվով շատ նման են միմյանց, այնպես որ ըստ երևույթին այդպիսիները մի խումբ են կազմում, այսպես, օրինակ, Փիլոն Եբրայեցու թարգմանությունները լեզվով մոտիկ են Դիոնիս Թրակացու քերականությանը։ Այս վերջինիս համար կարծել են, թե դա «գուցե ամենավաղ» արտադրությունն

  1. «Дионисий Фракийский и Армянские толкователи», издал и исследовал Н. Адонц, Петроград, 1915, Արուեստ Դիոնիսեայ Քերականի և հայ Մեկնութիւնք նորին՝ Դաւթի փիլիսոփայի, Անանուն մեկնչի, Մովսեսի Քերդողի, Ստեփաննոսի Սիւնեցւոյ, Համամայ Արևելցւոյ և Գրիգորի Մագիստրոսի, ի լոյս էած և ի քնին արկ Ն. Ադոնց:
  2. Դավիթ Անհաղթի անունով հայտնի փիլիսոփայական երկերի մասին տեսնել հետևյալների մեջ.
    ա) Քննութիւնք գրոց Դաւթի Անյաղթի, կամ թարգմանութիւնք Արիստոտելի, գրեց Ֆր. Կ. Կոնիբեր, Վիեննա, 1893, էջ 37 և այլուր:
    բ) Հ. Մանանդյան, Դավիթ Անհաղթի խնդիրը նոր լուսաբանությամբ, «Արարատ» ամսագիր, 1904, փետրվար, հունիս, հուլիս. այլև առանձին արտատպություն:
    գ) Սույն հեղինակի՝ Հունաբան դպրոցը, էջ 1 և հտն. և այլուր:
    դ) Ն. Ադոնց, Արուեստ Դիոնիսեայ Քերականի, էջ CLXXXIII.