Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է հունաբան դպրոցի, և նույնիսկ հնարավոր է համարվել, «որ առաջին քերականները հենց՝ եղած լինին այդ դպրոցի հիմնադիրները»[1]: Քիչ հետո փորձ է եղել լեզվական համեմատությամբ, իսկապես հունաբան կազմություն ունեցող բառերի գործածության հիման վրա, հունաբան թարգմանությունները վերածելու խմբերի և որոշելու սրանց ժամանակաբանությունը հաջորդական կարգով։ Ըստ այսմ՝ «Հունաբան դպրոցի իմաստասիրական, ճարտասանական ու քերականական երկերը բաժանվում են երեք տարբեր խմբերի, որոնք զանազան ժամանակաշրջանների աշխատություններ են և ծագել են հաջորդաբար, մոտ երկու հարյուր տարվա ընթացքում, սկսած վեցերորդ դարի սկիզբներից կամ հինգերորդ դարի վերջերից, ուրեմն գլխավորապես վեցերորդ և յոթներորդ դարերում»[2]։ «Թրակացու քերականության. Փիլոնի և Պիտոյից Գրքի թարգմանությունները կազմում են հունաբան թարգմանությունների հնագույն շերտը»[3]. դրանք «կազմում են հունաբան թարգմանությունների հատուկ մի խումբ և թարգմանված են Տիմոթեոս Կուզի Հակաճառությունից առաջ»[4], «Փիլոնը և Պիտոյից Գիրքը թարգմանված են Թրակացու քերականությունից հետո»։ Ըստ այսմ, քանի որ «Դիոնիսիոս Թրակացու քերականությունը թարգմանված է Փիլոնից և Պիտոյից Գրքից առաջ», ուրեմն և դա հնագույն հունաբան թարգմանությունն է։ Ավելացնենք նաև այն,– որ «Իրենիոսի Ցոյցք առաքելական քարոզութեանն և Ընդդէմ հերձուածոց երկերը թարգմանված են հունաբան թարգմանությունների առաջին շրջանում»[5], դրանց «թարգմանությունները ժամանակակից են Փիլոնի թարգմանություններին»[6]։ «Տիմոթեոս Կուզի Հակաճառությունը, Արիստոտելի Յաղագս Մեկնութեան և Ստորոգութեանց թարգմանությունները Յամբղիքոսի մեկնությունների հետ միասին՝ խմբակից են ու ժամանակակից և կազմում են հունաբան թարգմանությունների երկրորդ շերտը»[7]: Դրանք, ուրեմն, թարգմանված են 552—564 թվականներին, քանի որ այս տեսության հեղինակն այդ թվականներին է դնում Տիմոթեոս Կուզի Հակաճառության թարգմանումը։ Դրանից հետո, ուրեմն, 6-րդ դարի վերջերում և 7-րդ դարում ընկնում են երրորդ խմբի թարգմանությունները. «Դավիթ-Ոլիմպիոդորոսի խմբի իմաստասիրական մեկնությունները թարգմանված պիտի լինեն հունաբան երկրորդ շերտի թարգմանություններից հետո»[8]։

  1. Ն. Ադոնց, Արուեստ Դիոնիսեայ Քերականի, էջ IV։
  2. Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները, Քննական ուսումնասիրություն, գրեց Հակոբ Մանանդյան, պրոֆ. Հայաստանի պետական համալսարանի, Վիեննա, 1928, էջ 223։
  3. Անդ, էջ 105 և հտն.։
  4. Անդ, էջ 115 և հտն., 124։
  5. Անդ, էջ 228 և հտն.։
  6. Անդ, էջ 231:
  7. Անդ, էջ 124 և հտն.:
  8. Անդ, էջ 142 և հտն.։