Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչքան էլ այս տեսության հեղինակը «լուսաբանված» համարի «հունաբան դպրոցի հաջորդական ընթացքը», բայց դա, լոկ բառերի վրա հիմնված լինելով, դեռ չի կարող վերջնական ճանաչվել: Բայց և այնպես՝ հունաբան դպրոցի զարգացման լուսաբանման նկատմամբ, մի քայլ առաջ է դա, թեպետև շատ ընդհանուր կերպով։ Հունաբան թարգմանություններն այդ տեսությամբ ծագած են համարվում՝ «սկսած վեցերորդ դարի սկիզբներից կամ հինգերորդ դարի վերջերից», կամ թե «հունաբան դպրոցն ունեցել է հաջորդական ու հարատև զարգացում սկսած հինգերորդ դարի վերջերից»[1]: Այս տեսակետը ժամանակի նկատմամբ ճիշտ չէ, ուստի և ընդունելի չէ։ Այդ թարգմանությունների սկիզբը եղել է ոչ թե 5-րդ դարի վերջերին, այլ այդ դարի երրորդ քառորդին, կեսերից ի վեր։

7. Հունաբան դպրոցի սկզբնավորության ժամանակը պարզվում է Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւն» գրքի թարգմանման տարեթվով, որ ընկնում է 480—484 թվականների մեջ։ Այդ թարգմանությունը խիստ հունաբան լեզվով է։ Դրանով հեղաշրջվում է 19-րդ դարի վերջերից ընդհանրացած տեսությունը, որով հունաբան դպրոցի սկիզբն, առանց որևէ հաստատուն հիմունքի, դրվում էր 6-րդ դարում կամ 5-րդի վերջերից։ Քանի որ Դիոնիս Թրակացու քերականության, Փիլոնի գործերի, Պիտոյից Գրքի և Իրենիոսի «Ցոյց առաքելական քարոզութեան» երկի թարգմանություններն, ըստ հունաբան լեզվի, կազմում են մի խումբ և կատարված են, ինչպես կարծում են, «Հակաճառության» թարգմանությունից առաջ, ապա ուրեմն դրանք թարգմանված են ոչ թե 6-րդ դարում կամ 5-րդ դարի վերջերին, այլ 480—484 թվականներից մոտ երկու–երեք տասնամյակ առաջ։ Հետևաբար հունաբան դպրոցի սկիզբն ընկնում է 5-րդ դարի երրորդ քառորդին՝ 450—475 թվականներին։ Այդ հիմնավորվում է և հետևյալով։

Հունաբան թարգմանությունների սկզբնավորության ժամանակը 5-րդ դարի վերջերից դնում են այս հիմունքով. «Հայոց մատենագրության մեջ, ինչպես հայտնի է, հունաբան դպրոցի ականավոր ներկայացուցիչները, մեծ մասամբ, անվանվում են փիլիսոփա կամ իմաստասեր, ճարտասան և քերթող։ Արդ՝ 5-րդ դարի վերջերից սկսած հայոց մատենագրության մեջ հիշատակված կան մի շարք հայ մատենագիրներ, որոնք կրում են վերոհիշյալ մականունները։ Հնագույնը սրանցից՝ Ղազար Փարպեցու Թղթի մեջ հիշված «Մովսես փիլիսոփան» է, որն ապրած պիտի լինի 5-րդ դարի վերջերում։ Որ այս Մովսեսը հունաբան դպրոցի հեղինակ է, այդ կարելի է ենթադրել նրա գրվածքների մասին Փարպեցու ծանոթ վկայությունից, նաև նրա «փիլիսոփոս» մականվան հունական վերջավորությունից»[2]: Պետք է ավելացնել, որ Փարպեցին այդ

  1. Անդ, էջ 226:
  2. Անդ, էջ 223 և հտն.: