Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մովսես փիլիսոփոսի համար գրում է, որ նա եպիսկոպոս է եղել, ուրեմն մեծ տարիքի է հասել, որ «զլուսաւորիչն և զտգիտահալած գրեանն նորա՝ առ անգիտութեան փաթաղ-իկէս [= աղճատ, աղավաղված] կոչէին»: Որ նա մեռնելիս գրավոր անեծք է ասել և այդ անեծքը հայտնի է եղել և մարզպան Վահան Մամիկոնյանին։ Նրա այս նկարագիրը ցույց է տալիս, որ այդ Մովսեսը նշանավոր մարդ և անվանի գրական գործիչ է եղել։ Որ նա հայտնի է եղել իբրև փիլիսոփա և նրա մականունը հունարենի ձևով «փիլիսոփոս» է եղել և ոչ ասորերենի ձևով «փիլիսոփա», դրանից երևում է, որ իրոք նա հունաբան դպրոցի հեղինակ է եղել, այն էլ իմաստասիրական երկերի թարգմանիչ, թե չէ՝ նրան լրջությամբ այդ մականունով չէր կոչիլ Փարպեցին՝ «երանելի փիլիսոփոսն Մովսէս»։ Հիմա՝ Ղ. Փարպեցու Թղթի գրության ժամանակը եղել է 5-րդ դարի վերջերում կամ 6-րդի սկիզբներում. իսկ այդ Թուղթը գրելու ժամանակ փիլիսոփոս Մովսես եպիսկոպոսն արդեն վախճանված է եղել։ Հետևաբար, եթե այդ փիլիսոփան «ապրած պիտի լինի 5-րդ դարի վերջերում», նրա գրական գործունեության եռուն ժամանակը չի կարող նրա ծերության ժամանակ, 5-րդ դարի վերջերում եղած լինել, այլ բավական տարիներ առաջ։ Ըստ այսմ՝ հունաբան դպրոցի սկիզբը, փիլիսոփայական երկերի թարգմանության ժամանակը, դարձյալ 5-րդ դարի վերջերից ետ պիտի տանել մի քանի տասնյակ տարիներով, մոտավորապես մինչև 5-րդ դարի երրորդ քառորդը։

Տե՛ս Դավանաբանական պայքարի գրականություն, § 2. Տիմոթեոս Կուզի «Հակաճառությունը», այլև Երրորդ հավելված՝ «Տիմոթեոս Կուզի «Հակաճառության» թարգմանվելու ժամանակը»։

8. Հունաբան դպրոցի լեզվական ժառանգությունը։— Այս դպրոցի թարգմանիչները երբեմն ոչ միայն ստրկական հետևողություն են անում հունարենի շարահյուսության, բառի դեմ բառ դնելով, և հունարենի խնդրառությունը գործածելով, այլև նոր հոլովական ու խոնարհման ձևեր են ստեղծում, ինչպես՝ մարդոյր (սեռական), կոփեմ բայի համար՝ էկոփեցի, էկոփեցեր, էկոփեաց և շատ նմանները։ Նույնպես և իգական դերանուններ՝ սէ, դէ, նէ իրենց առանձին հոլովական ձևերով։ Բացի այդ՝ ի (յ) նախդրի փոխանակ գործ են ածել՝ ըն, նը, ն, տառացի հետևելով հունարենի εν նախդրին։ Թե ինչպես են ծագել այս ոչ անհրաժեշտ նորաձևությունները և արդյոք սրանք որևէ բարբառի հետևողությամբ են գործածված, ինչ որ մասամբ հավանական է, այդ դեռ չի ուսումնասիրված։ Այդ ամենը չի յուրացրել հայերենը։ Ինչքան էլ շատ կարդացվել են հունաբան կրոնական և այլ թարգմանությունները, բայց հունարենի խորթ շարահյուսությունն ևս չի ընդունել մեր լեզուն։ Այսուամենայնիվ հայերենը հունաբան դպրոցի ազդեցությամբ ավելի ընդունակ է դարձել գիտական մտքեր, վերացական գաղափարներ արտահայտելու և ճոխացել է նորանոր բառերով և բառակազմության նոր ձևերով։