Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՌԱՋԻՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԳՐԱԿԱՆՈԻԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈԻՅԹԸ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆՈԻՄ

Մեր առաջին թարգմանիչներից սկիզբն է առնում նաև հայկական ինքնուրույն դպրությունը 5-րդ դարում, որ իր մեծ գրական շարժման, իր բեղմնավոր արդյունքների հարուստ ու բազմակողմանի բովանդակության համար կոչվել է հայ դպրության «Ոսկեդար»։ Այս դարի գրվածքներն իրենց լեզվով, ոճով ու արվեստով սովորաբար նմանողության օրինակներ են մնացել հետագայի գրողների համար։

Որովհետև գիրն ու դպրությունը ծագել էր բավարարություն տալու առաջին հերթին եկեղեցու կարիքներին, ուստի մեր ինքնուրույն գրականությունն իր սկզբնական շրջանում ունի գլխավորապես եկեղեցա-կրոնական բնույթ։ Գրականությունը գտնվում էր եկեղեցականների ձեռին և ծաղկում էր վանքերում կամ առանձին հոգևորականների գրչով։ Աշխարհականներն անմասն էին մնում գրական աշխատանքին, և եթե մի երկու գրողներ այդ դասից երևան են եկել, նրանք էլ տոգորված են նույն կրոնական ոգով, քանի որ նույն գրքերի վրա են սովորել, նույնպես հմուտ են եկեղեցական ուսման և տարված են դրանով, ինչպես ընդհանրապես միջնադարում։ Այս պատճառով և այդ գրականությունն արտահայտություն է գլխավորապես եկեղեցական դասի, որ ուներ իր գրելու հատուկ ձևերը, իր սեփական նպատակն ու ձգտումները և իր գրական տեսակները:

Լինելով ծնունդ ոչ մեր բնիկ ավանդական բանահյուսության զարգացման՝ գրականությունը սկզբում չունի կատարյալ ինքնատիպ կերպարանք։ Դա ձևով մասամբ հետևողության է ընդհանուր քրիստոնեական գրականության, մեկ-մեկ նաև քաղագրական (կոմպիլատիվ) բնավորությամբ։ Հայ գրողները յուրացնում են բոլոր գրական տեսակները, որ կային քրիստոնեական գրականության մեջ։ Այսպիսով նրանք մտավոր հաղորդակցության մեջ էին մնում ասորիների և առանձնապես բիզանդացիների հետ և գրականության միջոցով հնարավորություն ունեին արևմտյան մտավոր հոսանքներն ընդունելու։

Ինչքան էլ մեր առաջին գրողները հետևում են ուրիշներին, բայց և այնպես նրանց երկերն ընդհանրապես մշակված են ազգային