բովանդակությամբ, կապված են իրենց միջավայրի և դարաշրջանի իրական պայմանների հետ և բխում են ժամանակի պահանջից։ Գրականությունն ստեղծվում էր այն շրջանում, երբ հայկական պետություն չկար, բայց դեռ մնում էին հայ ֆեոդալները։ Եկեղեցին ինքը մեծ հողատերերից մեկն էր։ Հոգևորականությունն իր շահերով սերտ կապված չէր այլազգի իշխողների հետ և հաճախ հակամարտիկ էր նրանց դեմ։ Նրա գոյությունը կախված էր հայությունից, քանի որ եկեղեցին միայն ինքնուրույն հայոց եկեղեցի էր, և նրա շահերը կապված էին առհասարակ հայ ժողովրդի հետ։ Ուստի և մեր գրավոր դպրությունն օտար գրականությունների ազդեցությունը կրելով հանդերձ՝ իր ներքին էությամբ բուն ազգային է։ Դա, ինչպես տեսել ենք, եկեղեցա-քաղաքական մաքառման գրականություն է, որի միջուկը կազմում է իդեոլոգիական պայքար ու մաքառում այլազգի իշխողների դեմ՝ ազգային ինքնուրույնությունն ու անկախությունը պահելու համար։
Գրավոր դպրությունը, սակայն, ամբողջ հայ գրականությունը չէր։ Կար և ավանդական բանահյուսությունը։ Գիրն ու գրականությունը, ինչպես տեսանք, մեզնում ծնվեց ազգային եկեղեցական նպատակի համար, որոնցից առաջինն ու գլխավորն էր քրիստոնեական գրականության միջոցով պայքարել ընդդեմ հեթանոսության, ընդդեմ պարսիկների։ Եվ որովհետև ժողովրդական երգն ու վեպը հեթանոսական էին, ուստի սրանք բնականաբար ետ մղվեցին եկեղեցականությունից, քանի որ քրիստոնեությունն իր աշխարհայեցությամբ եկած էր ոչ թե հեթանոսականը զարգացնելու համար, այլ նրա փոխանակ մի նոր հոգևոր կյանք ստեղծելու և իր ճգնավորական ոգով նույնիսկ աշխարհն ու երկրավոր կյանքն ուրանալու հանուն մի երկնավոր հանդերձյալ կյանքի։ Բայց որքան էլ եկեղեցականությունն աշխատեր դրա համար, դարձյալ հին աշխարհիկ բանաստեղծությունը չէր կարող բոլորովին մոռացության տրվել։ Աշխարհականը, ազնվական թե ռամիկ,- որոնք այն դարերում մտավորապես շատ չէին տարբերվում միմյանցից և միշտ էլ սիրով լսել և պատմել են արևելյան առասպելները,- երկար ժամանակ դեռ պահում է իր սեփական ավանդական բանահյուսությունը, առանձնապես ավանդական վեպերը։ Այդ էր գլխավորապես բավարարություն տալիս նրա ճաշակին։
Այսպիսով, մեր գրականության մեջ 5-րդ դարի սկզբից հենց՝ երկվություն է մտնում։ Մի կողմում գրավոր դպրություն է, հակված ավելի դեպի արևմուտք, այն բնավորությամբ, որ ունի եկեղեցական գրականությունն ընդհանրապես քրիստոնյա ազգերի մեջ։ Դա առանձին սիրով մշակվել է՝ արտադրելով մեծ թվով երկեր, ուստի և հայտնի է իր համեմատական հարստությամբ. բայց Հայաստանի հաճախակի ավերմունքների պատճառով դրանից շատ բան կորստի է մատնվել։ Մյուս կողմում աշխարհիկ անգիր բանաստեղծությունն է, մեծ մասամբ գյուղացու ստեղծագործություն, շարունակություն հին բանահյուսության, որ ինքնուրույն է և ցոլացնում է իր մեջ բուն ժողովրդի կյանքը, ավելի արևելյան ու հեթանոսական