Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնավորությամբ, բայց ժողովրդի ընդհանրության հետ հետզհետե քրիստոնեությամբ համակված, երկար դարեր առհասարակ ենթակա արհամարհանքի և անգամ թշնամական վերաբերմունքի հոգևորականների կողմից, ապրել է միայն բերանացի ավանդությամբ, դրա համար էլ դրանից շատ քիչ բան է մնացած և հասած ապագային։ Մեր այս երկու բանահյուսությունները, ավանդականն ու գրավորը, միասին արտահայտել են մեր հին գրականության ամբողջական պրոցեսը 5-րդ դարից ի վեր։ Այդ երկուսն իրենց աոանձին ճանապարհով են առաջ գնացել, բայց իրարուց տարբեր լինելով հանդերձ՝ միմյանցից բոլորովին անկախ չեն։ Եթե եկեղեցին վերջ ի վերջո իր հոգին մտցնում է ժողովրդի մեջ, ավանդական աշխարհիկ բանաստեղծությունն էլ մերթ ընդ մերթ իրեն զգալի է դարձնում և երևան է գալիս պատմագրության և այլ տեսակների մեջ։ Բացի այդ՝ ինչ որ ավանդական բանահյուսությունից ունենք մեր գրականության երկրորդ շրջանում (մինչև 11-րդ դարը), դա իր բովանդակությամբ ու միտումով, սակավ բացառությամբ, անանջատ կերպով մտնում է «մաքառման գրականության» մեջ, թերևս մասամբ այն պատճառով, որ դրա գրողներն էլ եկեղեցական են եղել։

ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ

Կանոններ:- Մեր գրականության երկու մեծ հայրերը՝ Սահակն ու Մաշտոցը և նրանց երկու աշակերտները՝ Եզնիկն ու Կորյունը՝ հանդիսանում են մեր առաջին հեղինակները։ Բացի այս աշակերտներից՝ ուրիշներն ևս կարող են հեղինակած լինել, բայց ժամանակն ուրիշների անունով աշխատություն չի հասցրել մեզ։ Այդ չորսից երևան են եկել ընդհանուր եկեղեցական գրականության հինգ տեսակներ— կանոն, թուղթ, ճառ, ջատագովություն կամ հակաճառություն և պատմություն կամ վարքագրություն։

Սահակ Պարթևը, այս մեծ թարգմանիչը, որի համար մի քանի կարևոր կենսագրական տեղեկություններ բերվեցին վերևում, իբրև կաթողիկոս, իր ժամանակի մեծ մասը բնականաբար նվիրել է եկեղեցու վարչական գործերին և սրանց հսկողությանը։ Եկեղեցու բարեկարգությունն է եղել նրա հոգացողության առարկան։ Այդ են վկայում և նրա անունով հայտնի 55 գլուխ (վեց հատված) կանոնները[1], որոնց մեջ որոշվում են եկեղեցու պաշտոնյաների պարտականությունները, նրանց իրավասության սահմանները, նրանց և ժողովրդի հարաբերությունը, նրանց հասույթները և այլն։ Աչքի է ընկնում, որ առանձնապես հոգացված է

  1. «Կանոնգիրք հայոց», ձեռագրերի համեմատությամբ, խմբ. Արսեն Ղլտճյան, Թիֆլիս, 1913, էջ 15—56. «Կանոնք սրբոյն Սահակայ Հայոց կաթողիկոսի, գլ. ԾԵ»:— Ինչպես երևում է, այս խմբագրությունը թերի է. Ա. կանոնի սկզբում ասվում է՝ «որ վերագոյն ճառեցաւ ի մէնջ», իսկ վերևում բան չկա ասված: