եկեղեցական դասի նյութական շահերի, բազմաթիվ և բազմատեսակ եկամուտների համար։
Հին գրականության այս ճյուղը, հարկավ, սոսկ գործնական բնույթ ունի և բոլորովին հեռու է գեղարվեստական ձևից։ Սահակի այս կանոնները, սակայն, հորինված են երբեմն մասամբ ոչ իբրև սառն պատվերներ և արգելքներ, այլ բացատրական, խրատական եղանակով ու ճառորեն և նույնիսկ պատմական ակնարկներով։ Ինչպես, օրինակ, հոգևորականների հասույթները ծագում են ձրիակեր քրմերից, որոնք ասում են. «Ոչ ունիմք արուեստ գործականութեան հնարից ինչ առ ի պատրաստել նոքօք զպարէն ռոճկաց՝ և մեզ և որդւոց մերոց» (Զ. հատված, էջ 51 և հտն.)։ Բայց և այնպես՝ այդ կանոնները հետաքրքիր են ոչ իրենց ձևով, այլ բովանդակությամբ։ Դրանց մեջ պայծառ արտահայտվում են ժամանակի ներքին կյանքի մի քանի կողմերը, խոտելի սովորույթները և նմանները։– Բերենք իբրև օրինակ հետևյալ կանոնը, որով արգելվում է մանկահասակներին ամուսնացնել և կատարելահասակներին, առանց իրենց կամքը հարցնելու, պսակել. «Պատուէր արարէք նոցա (= ժողովրդականներին), զի տղայոց (=երեխաներին) կանայս մի՛ խօսեսցին և մի՛ կատարելոցն առանց զիրեարս տեսանելոյ, միմեանց հաճութեամբ. և դուք քահանայք, տղայոց ամենևին իսկ պսակ մի՛ օրհնէք, մինչև ի կատարումն հասակի. իսկ կատարելոց, որոց զմիմեանս ոչ իցէ տեսեալ ի հաճոյս իւրեանց, պսակ մի՛ իշխեսջիք դնել՝ առանց քննութեան և ցնոսին ինքեանս հարցանելոյ. գուցէ բռնադատութեամբ ծնողաց յակամայ հաւանեալ իցեն. և զայնպիսի հարսանիս մի՛ իշխէք յանձն առնուլ, զի մինչև ցայսօր յայդպիսի անկարգութենէ բազում վնասք գնացին յաշխարհիս՝ հոգևոր և մարմնաւոր»[1]։
Գրականության հիմնադիր կաթողիկոսը հենց առաջին կանոնի մեջ պատվիրում է լինել «ուսումնասէր» և քիչ հետո՝ պատվիրում է քորեպիսկոպոս չկարգել «մանաւանդ զուսումնատեացս, զի որ կամակոր յուսմանէ՝ անկանի ի չարիս… վասն որոյ անընդհատ պարտի պահել յարդարուն զդպրոցս ի վանս և յայլ արժանաւոր տեղիս, զի լուսաւորեալք լուսով պատուիրանաց աստուծոյ՝ զամենեսեան լուսաւորեսցեն»[2]։ ԺԲ. կանոնի՝ ներածության մեջ վշտացած գրում է քահանաների ծուլության, «մանաւանդ ուսումնատեցութեան» մասին. «զի ասացին, թէ ինքեանք չեն ուսեալ և ոչ զորդիս իւրեանց ի դպրոց ունին»։ «Արդ, բարձէք այսուհետև ի ձէնջ՝ զայսպիսի թշնամանս, զորդիս ի դպրոց կալարուք, զի գիտունք լիցին։ Ծաներո՛ւք, զի որպէս կուրութիւն աչաց ատելի է մարմնոյ, նոյնպէս և տգիտութիւն ոգոյ՝ ատելի է աստուծոյ»[3]։
Երրորդ հատվածի վերջում (էջ 38 և հտն.) կա մի հիշատակարան. «Այս սահմանադրութիւն կարդաց գրեցաւ հրամանաւ երանելոյ Սահակայ մեծ