Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թյան մեջ: Այս թագավորը մի քանի պատերազմներից հետո միայն կարողանում է նվաճել հայերին (արմեններին), որոնք նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս, Ասորեստանում են կռիվներ մղել Դարեհի դեմ: Այնուհետև Հայաստանը դառնում է Պարսից տերության մի երկիր, բաժանված երկու սատրապությունների՝ արևելյան և արևմտյան, որոնք կառավարվում էին թագավորական տոհմի մարդկանցով: Ապա պարսկական մյուս երկիրների հետ Հայաստանն էլ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակից մտնում է Մակեդոնյան իշխանության մեջ (330 թ. մեր թ. ա.) և հետո, չնայելով մի քանի ապստամբություններին, Սելևկյան իշխանության տակ մնում է մինչև 2-րդ դարը (189 թ. մեր թ. ա.):

Այս ավելի քան երեք հարյուր տարվա ընթացքում հայերն աճելով տարածվում են դեպի հյուսիս ու մտնում Կուր գետի հովիտը: Այդ շրջանում տեղի է ունենում այլ և այլ տոհմերի միացումը: Կազմակերպվում, առաջ է գալիս հայությունն իբրև մեկ ընդհանուր լեզվով խոսող ցեղային միություն՝ ուրիշ ցեղերի դիմաց: Թեպետև իրենք օտարների տիրապետության ներքո, բայց խաղաղությամբ ապրելով և տնտեսապես ու կուլտուրապես զարգանալով՝ լեզվով և ազգագրորեն նվաճում են երկիրը: Տեղացի բնիկ ժողովուրդներն այդ շրջանում և ավելի ևս հետագայում, Արտաշիսյան հարստության ժամանակ, հետզհետե ձուլվում են հայերի մեջ: Տեղ-տեղ միայն, այն էլ լեռնային կողմերում, հարատևում են նրանց մնացորդները մինչև երկար դարեր:

2. Օտար ազդեցություններ:— Դեռևս պարզված չէ, թե հայ ցեղը Փոքր Ասիայում և Փոքր Հայքում ունեցած դարավոր կյանքի ընթացքում ո՛ր ցեղերից ի՛նչ տարրեր է ընդունել իր մեջ և ինչո՛վ ու որքա՛ն է ազդվել ուրիշներից: Պարզված չէ նաև տեղացի ուրարտացիների և ուրիշների կուլտուրական և ցեղային ազդեցությունը, որ անպայման մեծ է եղել: Բայց մի բան պարզ է հիմա, որ հայոց լեզվի միայն մի մասն է հնդևրոպական: Բազմաթիվ բառեր ու մասնիկներ, անպայման նաև քերականական ձևեր, որոնք դեռ բացատրված չեն, հավանորեն գալիս են ոչ հնդևրոպական լեզվով խոսող ցեղերից, որոնց հետ շփվել է հայ ցեղն արևմուտքում: Բացի այդ՝ հայերեն լեզուն իշխել է Հայաստանի հին ժողովուրդների համար, բայց սրանց լեզուներն էլ տեղի չեն տվել առանց հայերենի վրա ազդելու. այնպես որ հայերենը նույնիսկ մի խառնվածո լեզու է: Մյուս կողմից՝ խառնուրդ է և հայ ցեղը, որ իր հետ ձուլել է ուրարտացիներին և ուրիշ շատ հարևաններ: Այսպես՝ Փոքր Ասիայում և Ուրարտական երկրում տեղի ունեցած խառնուրդներով կազմվել է հայ էթնոսը—հայ ժողովուրդը և իր լեզուն:

Ուրարտականից շատ ավելի մեծ է եղել իրանական կուլտուրայի ազդեցությունը նույնիսկ կենցաղի, բարքերի, սովորությունների վրա: Քսենեֆոնի ժամանակից արդեն, 5-րդ դարի վերջում մեր թ. ա., պարսկերեն լեզուն անհասկանալի չի եղել հայերի մեջ: Իրանական ազդեցությունը տևում է ոչ միայն մինչև մակեդոնացոց տիրապետությունը, այլև հետո՝